Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հաշվեքննիչ պալատը բազմաթիվ խախտումներ է արձանագրել ՀՀ առողջապահության նախարարության ոլորտում՝ Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում՝ 2020 թվականին։ Ավելին, այստեղ անգամ երկու ամիս աշխատած վարորդին շտապել են հարյուր հազարավոր դրամների պարգեւներ տալ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հաշվեքննիչ պալատի եզրակացության մեջ տեղ են գտել նախարարության՝ աշխատակիցների գրանցման, արձակուրդայինների տրամադրման մասին բազմաթիվ խախտումներ։
Օրինակ՝ Առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի աշխատակից Ն.Փ-ն., օտարերկրյա ներդրումների ներգրավման բաժնի գլխավոր մասնագետ Ն.Ա-ն 2019 թվականին ազատվել են աշխատանքից՝ իրենց դիմումի համաձայն ու նույն օրը նրանց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր ։
Պաշտոնային դրույքաչափի անհամապատասխանության հետևանքով արձանագրվել է 2,355.7 հազ. դրամի խեղաթյուրում:
ֆինանսատնտեսագիտական վարչությունը՝ չպահպանելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի պահանջը, շարունակել է վճարել նախկին գործակցով, ինչի հետևանքով 2020թ. երեք աշխատողների վճարվել է 2,110.9 հազ. դրամ ավելի աշխատավարձ:
Աշխատանքային պայմանագրերի, փորձագետների և քաղաքացիական աշխատանք կատարողների հետ կապված անհամապատասխանություններ ևս արձանագրվել են։ Մեկ այլ դեպքով պարզ է դարձել, որ օրենսդրության պահանջը չպահպանելու հետևանքով կատարվել է 28.348.5 հազար դրամի ավելի վճարում։
ՀՀ կառավարության որոշմամբ՝ քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք բարեխիղճ աշխատանքի համար կարող են խրախուսվել՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին, սակայն, նախարարությունը՝ անտեսելով հիշյալ որոշման պահանջը, պայմանագրային աշխատողներին կատարել է պարգևատրում 17,515.9 հազար դրամի չափով։
Նախարարությունը աշխատակցին տրամադրել է լրացուցիչ արձակուրդ՝ 4 աշխատանքային օր տևողությամբ, ինչի հետևանքով աշխատակցին վճարել է 47.7 հազար դրամ ավելի արձակուրդային գումար:
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, նախարարությունը 22 վարորդի հետ կնքել է ժամկետային պայմանագիր, պաշտոնային դրույքաչափը ամսական սահմանելով 210.0 հազ. դրամ՝ 99.2 հազ. դրամի փոխարեն: Այս գործընթացում ևս չի պահպանվել ՀՀ կառավարության թիվ 737-Ն որոշման պահանջը:
Վարորդների պաշտոնային դրույքաչափը ավելի է նախատեսել 110.8 հազ. դրամով: Թվով 22 վարորդի վճարվել է 9,895.1 հազ. դրամ աշխատավարձ' 6,086.8 հազ. դրամի փոխարեն: Դրույքաչափը բարձր սահմանելու հետևանքով կատարվել է 3,808.3 հազար դրամ ավելի վճարում: Վարորդներից մեկը աշխատանքի ընդունվելուց երկու ամիս անց պարգևատրվել է 210.0 հազ. դրամով:
Հաշվեքննությամբ արձանագրվել է նաև, որ աշխատանքային պայմանագրերի, նաև կողմերի միջև կնքված համաձայնագրերի պատշաճ հաշվառում չի իրականացվել, պայմանագրերը և համաձայնագրերը չեն համարակալվել, իսկ պայմանագրերի հետ կապված գրագրությունները, ինչպես նաև համաձայնագրերը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Mulberry համակարգ չի մուտքագրվել, ինչի հետևանքով համաձայնագրերի կնքման ժամկետների իսկության նկատմամբ հսկողություն հնարավոր չի եղել իրականացնել:
Առողջապահության նախարարությունը հանդես է եկել իր դիրքորոշմամբ, ներկայացնելով, ԱՆ պայմանագրային աշխատակիցները հանդիսանում են քաղաքացիական աշխատանք կատարողներ:
Հաշվեքննողի արձագանքում նշված է, որ դիրքորոշումը չի ընդունվել, քանի որ ժամկետային պայմանագրով աշխատողները քաղաքացիական աշխատանք կատարողներ չեն հանդիսանում: Նախարարության կողմից փորձագետների ներգրավման հետ կապված հարաբերություններն իրականացվել է՝ չպահպանելով ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները: