Լրագրող Նաիրի Հոխիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Քաշաթաղի բազմաթիվ բնակիչներ վրդովվել են օրերս ինչ-որ մի ՀԿ-ի կազմակերպած քննարկման մասին իմ հրապարակումից, որտեղ ես բնորոշումներ եմ արել այդ քննարկմանը մասնակից մի շարք անձանց մասին։
Սիրելի քաշաթաղցիներ, ձեզ մի' վերագրեք ձախողակ ու փողամոլ լինելու մասին իմ արտահայտությունները, քանի որ դուք այնտեղ չեք եղել և չգիտեք, թե ովքեր ինչ են խոսել։ Ես չէի կարող իմ հայրենակիցների մասին ընդհանուր առմամբ այդպիսի արտահայտություն անել։
Եթե, այնուամենայնիվ, իմ հրապարակման մեջ եղել են մտքեր, որոնք վիրավորել են ձեզ, ես ներողամտություն եմ հայցում' կրկին շեշտելով, որ այդ արտահայտությունների հասցեատերը դուք չեք, այլ կոնկրետ մարդիկ, որոնց դուք շատ լավ եք ճանաչում և ինձնից լավ գիտեք, թե մարդկային ու բարոյական ինչ որակների կրողներ են։
Մի' տրվեք այդ նորաստեղծ կազմակերպության ղեկավար փրփրադեզ տիկնոջ ու նրա մանկլավիկների սադրանքներին։ Նրանք ձեզ օգտագործելու են, իրենք գումար ստանան, որից հետո կմոռանան ձեր մասին էլ, ձեր փոխհատուցումների մասին էլ։
Փոխհատուցում ամեն դեպքում կլինի։
Ինչ վերաբերում է Բերձոր վերադառնալու իմ կոչին ու նախաձեռնություններին, ապա ձեր իրավունքն է գնալ կամ չգնալ, բայց պետք չէ թշնամաբար վերաբերվել մարդկանց վերադառնալու ծրագրերին։ Դա ազգային նշանակության խնդիր է, որը պետք է լուծվի' անկախ նրանից, Բերձորի բնակիչները կգնան, թե նոր բնակիչներ կլինեն»։
Տես նաև՝ Ի՞նչ են պահանջում քաշաթաղցիները. նոր մանրամասներ համայնքապետերի քննարկումից
Տես նաև՝ Միակ սկզբունքայինն Աղավնոյի գյուղապետն է. Ն. Հոխիկյանը՝ Քաշաթաղի համայնքապետերի մասին