կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-06 14:54
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրում ճգնաժամը հաղթահարված չէ, և այս իշխանության յուրաքանչյուր օրը կործանարար է երկրի համար. Իշխան Սաղաթելյան

Երկրում ճգնաժամը հաղթահարված չէ, և այս իշխանության յուրաքանչյուր օրը կործանարար է երկրի համար, հետևաբար մենք մեր պայքարը շարունակելու ենք ամբողջ թափով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովից հետո կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա վստահեցրեց, որ խորհրդարանական այս ընդդիմությունը տարբերվելու է մինչ այս եղած բոլոր ընդդիմություններից, փողոցը իրենց համար նույնպես մնալու է կարևոր, բոլորը տեսնելու են աննահանջ և վճռական պայքար։

«Մենք խորհրդարանում օր ու արև չենք տալու այս իշխանություններին։ Ի դեմս «Հայաստան» դաշինքի ունենալու եք թիմ, որը պայքարելու է իշխանությունների դեմ խորհրդարանական ընդդիմության գործիքակազմի ողջ ծավալը օգտագործելով»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանդատների բաշխումը ինչպես կկատարվի՝ Սաղաթելյանն ասաց կքննարկեն ՍԴ որոշումից հետո։

«Բացառվում է, որ միայն ՀՅԴ-ն մտնի խորհրդարան, որոշումը կկայացնի «Հայաստան» դաշինքը և որոշումը կլինի ամբողջական։ Երբեք չի կարող գործընկերներից մեկը առանձին դիրքորոշում ունենալ, որոշումը ընդունվելու է համատեղ և վերջնական որոշումը կընդունենք ՍԴ որոշումից հետո։ Դրանից հետո մենք կկայացնենք մեր վերջնական որոշումը։ Այդ որոշումը բխելու է մեր պայքարի հաջողության տրամաբանությունից։ Եթե մենք գալիս ենք եզրակացության, որ այդ մանդատները վերցնելով՝ մեր պայքարին նոր ուժ ենք տալու, օգտվելու ենք նաև խորհրդարանական պայքարի գործիքներից, որոնք լրացուցիչ լծակ և հնարավորություն են մեր պայքարին ուժ տալու, ընդլայնելու և այս չարիքի կառավարության դեմ ավելի լայնամասշտաբ պայքարելու, ուրեմն կգնանք այդ տարբերակով, կվերցնենք մանդատները ու մեր պայքարը կշարունակենք։ Որոշում ընդունելու հիմքում դրված է լինելու մեր պայքարի հաջողության տրամաբանությունը»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ խորհրդարան չգնալու քննարկումներ, հատկապես սկզբնական օրերին, նույնպես եղել են, հիմա հակված են գնալու տարբերակին, բայց իրենց վերջնական որոշումը կհայտնեն ՍԴ որոշումից հետո։  

Նա ասաց, որ իրենք չեն կիսում միջազգային կազմակերպությունների գնահատականը, որ ընտրություններն անցել են առանց զգալի խախտումների, նրանք պարտավոր էին գնահատական տալ Փաշինյանի մուրճով քարոզարշավին, ոչ թե ասեին, որ ատելության խոսքը երկկողմանի էր։

«Մեր գնահատմամբ այս ընտրությունների արդյունքները խիստ կասկածելի են և ոչ հավաստի, դրա համար դիմել ենք ՍԴ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․