կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-01 20:15
Հասարակություն

Ռուբեն Խլղաթյանը կշարունակի կալանավորված մնալ․ դատարանը մերժեց բողոքը

Ռուբեն Խլղաթյանը կշարունակի կալանավորված մնալ․  դատարանը մերժեց բողոքը

Արմավիրի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնացել է անփոփոխ։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է Խլղաթյանին կալանավորելու որոշման դեմ փաստաբանների բողոքը՝ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով անփոփոխ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Գայանե Պապոյանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է հունիսի 10-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք բաժանելու փորձի կասկածանքով։ Նրան ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել, որն ի սկզբանե մակագրվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտնել՝ բավարարելով քննիչի միջնորդությունը, իսկ դատավոր Վահե Ջիվանյանը բարձրացրել է ընդդատության հարցը՝ բողոքը փոխանցելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանին, սակայն մինչ ձերբակալման իրավաչափության հարցը կքննարկվեր, վարույթ իրականացնող մարմինը շտապել է մեղադրանք առաջադրել Խլղաթյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել է:

Պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել դատարանի որոշման դեմ՝ վիճարկելով թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանավորման հիմքերի առկայությունը։

Հունիսի 25-ին պետք է կայանար բողոքի քննությունը, սակայն դատական նիստը հետաձգվել էր՝ Խլղաթյանի առողջական խնդիրների պատճառով։ Դատական նիստը կայացել է այսօր, որի ընթացքում բողոքը, ըստ էության, քննվել է, ինչից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, ապա՝ հրապարակել որոշումը։

Վերաքննիչ դատարանի որոշումը պաշտպանության կողմը դեռևս չի ստացել, ուստի՝ դեռևս վաղ է խոսելը, թե կբողոքարկվի այն արդյոք, թե ոչ։
Նշենք, որ Ռուբեն Խլղաթյանի առողջական խնդիրների մասին հայտնի է դարձել դեռևս նրա ձերբակալման օրերին, երբ պաշտպանության կողմը հայտնել էր, որ Խլղաթյանն ունի խրոնիկ հիվանդություններ։ Այս պահին նա գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում։ Պաշտպանության կողմը բարձրացրել է Խլղաթյանի՝ քաղաքացիական հիվանդանոցում բուժզննում անցնելու հարցը, սակայն պատասխան դեռևս չի ստացվել։

Հիշեցնենք՝ վարույթ իրականացնող մարմինը հունիսի 12-ին մեղադրանք է առաջադրել Ռուբեն Խլղաթյանին և Գ. Պ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154,2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից ենթադրյալ ընտրակաշառք տալու փորձի հատկանիշներով, որն իրականացվել է երկու կամ ավելի անձի նկատմամբ: Ռ. Խլղաթյանը մեղադրանքը չի ընդունել՝ նշելով, որ այն շինծու է։