Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԿԸՀ-ն բավարարել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածու Ա.Չ.-ի (Արմեն Չարչյան-խմբ) վերաբերյալ Դատախազության ներկայացրած միջնորդությունները: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից:
Հաղորդագրության մեջ ասվում է. «2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածու Ա. Չ.-ի (Արմեն Չարչյան-խմբ) կողմից, բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով, նրանց պարտադիր կերպով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն, իր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկելու և ընտրություններին մասնակցող կոնկրետ կուսակցության օգտին չքվեարկելուն պարտադրելու դեպքի առթիվ 2021 թվականի հունիսի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու կասկածանքով բժշկական կենտրոնի ղեկավարը նույն օրը ձերբակալվել էր:
Նկատի ունենալով, որ վերջինս հանդիսանում է պատգամավորության թեկնածու՝ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով էին ներկայացվել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ:
Հունիսի 21-ին ՀՀ ԿԸՀ-ն հրավիրած նիստի արդյունքում դատախազի 2 միջնորդությունն էլ բավարարել է:
Դրանց վերաբերյալ ՀՀ ԿԸՀ որոշումները դատախազն ուղարկել է վարույթն իրականացնող մարմնին՝ անհրաժեշտ դատավարական գործողություններ իրականացնելու համար։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»:
Հիշեցնենք, որ մամուլում տարածվել էր ձայնագրություն Արմեն Չարյանի կողմից իրեն իր ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ: Այդ առիթով ՀՔԾ-ում հունիսի 18-ին հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Ըստ ՀՔԾ հաղորդագրության, Արմեն Չարչյանն, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:
Վերջինս, մասնավորապես, հորդորել է դեմ քվեարկել գործող իշխանություններին` միաժամանակ սպառնալով, որ իր պահանջը չկատարելու դեպքում իր և ողջ տնօրինության կողմից արժանանալու են «շատ ավելի կոշտ վերաբերմունքի» և «խիստ անհամարժեք պատասխանի», և որ ինքն ու իր ղեկավարությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարները «ստուգելու են», թե ովքեր են մասնակցել ընտրություններին` ակնարկելով, որ ինքն է որոշում նրանց «սերունդների ճակատագիրը»:
ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու կասկածանքով Ա. Չ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է:
Ավելի ուշ դատարանը բավարարել; էր Չարչյանի պաշտպանների բողոքը եւ նա ազատ էր արձակվել: