կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-02 22:57
Արցախ

Նոր կարգավիճակում համակարգելու եմ չորս նախարարների գործունեություն. Արտակ Բեգլարյան

Նոր կարգավիճակում համակարգելու եմ չորս նախարարների գործունեություն. Արտակ Բեգլարյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել եմ պետական նախարար՝ ազատվելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ, այժմ՝ պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես արդեն հրապարակվել է, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել եմ պետական նախարար՝ ազատվելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Նոր կարգավիճակում համակարգելու եմ չորս նախարարների գործունեություն՝ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար, առողջապահության նախարար, արդարադատության նախարար, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։ Բացի դրանից, պետական նախարարի կառավարման ոլորտում է գտնվում բնապահպանության կոմիտեն:

Շնորհակալ եմ Հանրապետության նախագահին՝ ցուցաբերված վստահության համար, վստահություն, որը թույլ կտա ինձ էլ ավելի արդյունավետորեն ծառայեցնել իմ ներուժը Հայրենիքին ու ժողովրդին:

Նախ, կուզեի անդրադառնալ Նախագահի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում իմ հնգամսյա աշխատանքին: Այդ պաշտոնը ստանձնելով հետպատերազմյան ծանր շրջանում՝ այս ողջ ընթացքում հնարավորինս կատարել եմ իմ լիազորությունների պատշաճ իրականացման ուղղությամբ: Իհարկե, իմ աշխատանքի գնահատականը ես չպետք է հնչեցնեմ, սակայն ինձ համար ամենակարևորն այն է, որ այդ դժվար պայմաններում ու կարևորագույն դիրքում պահել եմ իմ սկզբունքները և ծառայել եմ պետությանը անմնացորդ ու անշահախնդիր կերպով: Ի լրումն Հանրապետության նախագահին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ ապահովմանն ուղղված ամենօրյա աշխատանքների՝ ես, նախագահ Հարությունյանի հանձնարարությամբ ու գործուն աջակցությամբ, նաև ձգտել եմ մի շարք ինստիտուցիոնալ բարեփոխումներ կատարել և՛ Նախագահի աշխատակազմում, և՛ պետական կառավարման համակարգում: Թեև իմ ծրագրերի մի զգալի մասը չեմ կարողացել հասցնել որոշակի կիրառական հանգրվանի գլխավորապես կարճ ժամկետի ու իմ ծանրաբեռնվածության պատճառով, սակայն կուզեի հակիրճ թվարկել հիմնական ծրագրերն ու ընթացիկ արդյունքները.

1. Հետադարձ կապի համակարգ. Նախագահի աշխատակազմի և քաղաքացիների միջև հետադարձ կապի պրոֆեսիոնալ մեխանիզմների ներդրման նպատակով հիմնել ենք ընդունելությունների ու զանգերի բաժինը՝ ներդնելով զանգի կենտրոնի էլեկտրոնային համակարգ և կազմակերպելով աշխատակիցների վերապատրաստումներ: Այդ ինստիտուցիոնալ բարեփոխման միջոցով նպատակ ունենք ոչ միայն մատչելի ու արհեստավարժ կերպով իրազեկել քաղաքացիներին պետական ծրագրերի մասին և հնարավորության դեպքում լուծել իրենց անհատական խնդիրները, այլ նաև վերհանել համակարգային խնդիրները և հասցնել որոշում կայացնողներին ու կատարողներին՝ կանխելով բազմաթիվ նոր անհատական խնդիրների առաջացումը: Կարող եմ ասել, որ այդ բարեփոխումն ընդհանուր առմամբ հաջողվել է, և պետք է այդ մոտեցումը միասնական կերպով կիրառել ողջ պետական կառավարման համակարգում:

2. Արտաքին աջակցության համակարգում. Հատկապես հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված առ այսօր խնդիր կա արդյունավետ կերպով համակարգելու մարդասիրական աջակցության ծրագրերն ու կապերն արտաքին (հայկական ու միջազգային) գործընկերների հետ: Զգալի նախապատրաստական աշխատանք ենք կատարել ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման ուղղությամբ, սակայն, ցավոք, չենք հասցրել լիովին ավարտել բարեփոխումը, քանի որ դա ենթադրում է մեծածավալ ջանքերի ու ռեսուրսների ներգրավում: Այդ մասով շուտով շոշափելի ու տեսանելի արդյունքներ կլինեն, որոնք թույլ կտան և՛ ավելի արդյունավետորեն օգտագործել առկա արտաքին ռեսուրսները, և՛ ներգրավել նոր ռեսուրսներ սփյուռքյան ու միջազգային կազմակերպություններից:

3. Պետական տեղեկատվական քաղաքականության համակարգում. Նախագահի աշխատակազմը, որպես տեղեկատվական քաղաքականության համակարգման մարմին, խնդիր ունի նշանակալի բարեփոխումներ իրականացնելու այդ ոլորտում: Այս ժամանակահատվածում հասցրել ենք որոշակի բարելավումներ կատարել նշված ուղղությամբ, սակայն արդյունքները դեռևս գոհացուցիչ չեն՝ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված: Այնուամենայնիվ, բավարար դրական նախապայմաններ են ձևավորվել այդ ոլորտում ևս հիմնարար բարեփոխման համար, որը ժամանակատար ու ռեսուրսատար աշխատանք է:

4. Պետական կառավարման համակարգի ընթացակարգերի ու ծառայությունների թվայնացում. Որոշակի աշխատանքներ ենք կատարել այս ուղղությամբ: Մասնավորապես, մի քանի մարմիններում ներդրել ենք էլեկտրոնային փաստաթղթաշարժի «Մալբրի» համակարգ, ինչպես նաև նախապատրաստել ենք թվայնացմամբ զբաղվող պետական լիազոր մարմնի ստեծման բոլոր փաստաթղթերը, և առաջիկա օրերին պաշտոնապես կհիմնվի այդ մարմինը, որն արդեն պրոֆեսիոնալ ու կանոնավոր կերպով կզբաղվի թվայնացման ծրագրերով: Արդյունքում, համոզված եմ, զգալիորեն կաճի պետական բազմաթիվ գործառույթների կատարման արդյունավետությունը և կբարելավվի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը:

5. Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգ. Սա կհամարեի ամենահիմնարար ուղղությունը, քանի որ բազմաթիվ խնդիրներ վերջին հաշվով պայմանավորված են հենց մարդկային ռեսուրսներով ու դրանց կառավարմամբ: Քանի որ ամենաբարդ ոլորտն է, հասցրել ենք միայն նախապատրաստական աշխատանքներ կատարել Նախագահի աշխատակազմում օրինակելի բարեփոխումներ իրականացնելու համար: Այնուամենայնիվ, դեռևս խնդիր կա խորությամբ գնահատելու առկա իրավիճակը և համապարփակ բարեփոխումներ պլանավորելու այս բնագավառում:

Բացի նշված ծրագրերից, իհարկե, կանոնավոր կապ եմ պահել տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ և իմ լիազորությունների ու կարողությունների սահմաններում աջակցել ոլորտային ծրագրերի իրականացմանը: Այդ ողջ աշխատանքներում կարևորագույն դերակատարություն ուներ նախագահ Հարությունյանի վստահությունն ու աջակցությունը, ինչպես նաև նախագահի աշխատակազմի աշխատակիցների բարեխիղճ աշխատանքը: Ուստի, մեծապես երախտապարտ եմ նրանց և բոլոր գործընկերներիս ու աջակիցներիս՝ այս դժվարին ժամանակաշրջանում համատեղ կատարված բոլոր աշխատանքների համար, և գրանցված հաջողությունները համարում եմ բոլորինս: Նաև կուզեի ներողություն հայցել բոլոր այն քաղաքացիներից ու գործընկերներից, ում սպասումները չեմ կարողացել արդարացնել. հավաստիացնում եմ, որ սրտանց աշխատել եմ ուժերիս ներածին չափով, և իմ բացթողումներն ու սխալներն ամենևին դիտավորյալ բնույթ չեն կրել: Իսկ ահա սխալներն ու բացթողումները համարում եմ առաջնահերթորեն իմը՝ որպես մարմնի ղեկավար:

***

Այժմ հակիրճ ներկայացնեմ իմ հիմնական անելիքները նոր կարգավիճակում: Արդեն նշել եմ իմ համակարգման ներքո գտնվող չորս նախարարությունները, որոնցից յուրաքանչյուրն ընդգրկում է ծավալուն համակարգեր ու հիմնախնդիրներ: Ուստի, հսկայական աշխատանք կա կատարելու այդ նախարարությունների թիմերի հետ միասին, և դրանք կբաժանեի երկու հիմնական մասի՝ ըստ ժամանակային չափանիշի.

1. Պատերազմի հետևանքներով պայմանավորված խնդիրների լուծում. Գաղտնիք չէ, որ հետպատերազմյան բազմաթիվ հիմնախնդիրներ առնչվում են նշված հինգ մարմինների գործառույթներին, և Հանրապետության նախագահի հանձնարարությամբ առաջնահերթ ուշադրության տակ եմ պահելու այդ հիմնախնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները, ներառյալ՝ բնակարանային, սոցիալական, առողջապահական, կրթական, բնապահպանական և մի շարք այլ հարցեր:

2. Երկարաժամկետ բարեփոխումների իրականացում. Բոլոր ոլորտներն էլ ակնհայտորեն հիմնարար ու ինստիտուցիոնալ բարեփոխումների կարիք ունեն, և ես նախատեսում եմ ընթացիկ ու օպերատիվ խնդիրների լուծմանը զուգահեռ աշխատանքներ մեկնարկել առկա իրավիճակի պրոֆեսիոնալ գնահատման ու խնդիրների ախտորոշման ուղղությամբ: Դրանց արդյունքների հիման վրա պլանավորելու և իրականացնելու ենք համապատասխան բարեփոխումներ՝ ներգրավելով բոլոր կարող ուժերին՝ թե՛ Արցախից, թե՛ ՀՀ-ից ու Սփյուռքից: Այդ բարեփոխումների նպատակն է լինելու ապահովել այնպիսի պայմաններ, որ, անկախ անձերից ու իրավիճակից, պետական ինստիտուտները լուծեն ու կանխարգելեն խնդիրներ, ավելորդ դժվարություններ չստեղծեն քաղաքացիների համար, խթանեն քաղաքացիների ու պետության բազմակողմանի ու կայուն զարգացումը և այլն:

Յուրաքանչյուր ոլորտում կոնկրետ անելիքների մասին ժամանակի ընթացքում հրապարակայնորեն կխոսեմ, նաև կքննարկենք հանրության տարբեր շրջանակների հետ ու համատեղ ջանքերով առաջ կգնանք: Այդ ճանապարհին ես առաջնորդվելու եմ մի շարք սկզբունքներով, մասնավորապես՝ սկզբունքայնությամբ, թափանցիկությամբ ու հանրային երկխոսությամբ, ջանասիրությամբ, պահանջկոտությամբ, արդարամտությամբ, համագործակցայնությամբ, նախաձեռնողականությամբ, համակարգայնությամբ և այլն:

Մի խոսքով, ասելիքը բավականին շատ է, սակայն մանրամասներին այլ առիթներով կանդրադառնամ պարբերաբար: Վերջում կուզեի շնորհակալություն հայտնել նախորդ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին իր արհեստավարժ ու բարեխիղճ աշխատանքի համար և նշել, որ իրենից հետո պաշտոնավարելը պատվաբեր ու դժվարին գործ է: Ուրախ եմ, որ պարոն Մարտիրոսյանը որոշել է ապրել և գործել Արցախում՝ ի սպաս Հայրենիքի զարգացման:

Ես աներկբայորեն պատրաստ եմ ցանկացած ծանրության ու պատասխանատվության, եթե դա դույզն ինչ օգտակար կլինի իմ Հայրենիքին ու ժողովրդին: Ի ԳՈ՛ՐԾ...»,- գրել է նա: