|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Դանիային և ԱՄՆ-ին կոչ են արել պարզաբանել լրտեսական սկանդալը: «Դաշնակիցներին լրտեսելն անընդունելի է։ Բեռլինը և Փարիզը դանիական ու ամերիկյան կողմերից լիակատար բացաւտրություն են ակնկալում»,- ըստ Deutsche Welle-ի՝ ասել է Ֆրանսիայի ղեկավարը գերմանա-ֆրանսիական նախարարական խորհրդի ընթացքում:
Գերմանիայի կառավարության ղեկավարը մատնանշել է «ընկերներին լրտեսելու» անթույլատրելիությունը: Մերկելը հավելել է, որ Բեռլինը «հանգիստ է» Դանիայի իշխանությունների դիրքորոշումից, ինչը «լավ հիմք է վստահությունը կառուցելու համար՝ փաստերի բացատրության առկայության պայմաններում»:
Պաշտոնական Կոպենհագենն արդեն խուսափել է լրտեսության մեջ ներգրավվելու մեղադրանքներից: «Մերձավոր դաշնակիցներին համակարգված գաղտնալսելն անընդունելի է»,- ասել է Դանիայի պաշտպանության նախարար Թրինե Բրամսենը:
Դանիայի ռազմական հետախուզական ծառայության աշխատանքային խումբը ավելի վաղ եզրակացրել էր, որ Ազգային անվտանգության գործակալությունը՝ ԱՄՆ հետախուզական համայնքի կազմում պաշտպանության նախարարության ստորաբաժանումը, լրտեսում է Գերմանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի և Ֆրանսիայի առաջատար քաղաքական գործիչներին և բարձրաստիճան պաշտոնյաներին, ներառյալ՝ Գերմանիայի կանցլերին: Փորձագետների եզրակացությունները, որոնք վերաբերում են 2012-ից 2014 թվականներին ընկած ժամանակահատվածին, հրապարակվել են եվրոպական մի շարք լրատվամիջոցների կողմից: Քննիչների խոսքով՝ ամերիկյան կողմը որսացել է SMS հաղորդագրությունները, հեռախոսազանգերը և այլ տեղեկություններ դանիական ստորջրյա հաղորդակցման մալուխների միջոցով՝ օգտվելով Դանիայի ռազմական հետախուզության հետ համագործակցությունից։