կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-26 16:10
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ներկա իշխանության հետ բացառվում է որևէ տեսակի համագործակցություն․ «Հայաստան» դաշինքը ցուցակը ներկայացրեց ԿԸՀ

ԿԸՀ-ում «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչներ Արամ Վարդևանյանը, Վահագն Մատինյանը և Նարեկ Վարդանյանը «Հայաստան» դաշինքի ցուցակը ներկայացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նա նշեց, որ ցուցակում ընդգրկված են 153 պատգամավորի թեկնածուներ։

«Առավել պատշաճ, հայրենասեր, արհեստավարժ մարդկանց թիմ է հավաքվել, որոնցով իսկապես կարելի է հպարտ լինել։ Մրցունակության տեսանկյունից՝ ստեղծված ճգնաժամային պայմաններում իսկապես կառավարչական անհրաժեշտ փորձ, գիտելիքներ ունեցող թիմակիցներ ունենք»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Նա վստահեցրեց, որ ներկայիս իշխանության և այդ ուժը ներկայացնող քաղաքական միավորի հետ բացառվում է որևէ տեսակի համագործակցություն, որը ողջամիտ և տրամաբանական արձագանք է՝ հաշվի առնելով, թե մենք ինչ ենք տեսնում։

Արամ Վարդևանյանը նաև նշեց, որ սոցհարցումների վերջին տվյալները փաստում են, որ գործող իշխանության վարկանիշը ընկնում է, իսկ «Հայաստան» դաշինքի վարկանիշը բարձրանում է այն դեպքում, որ իրենք դեռ չեն սկսել նախընտրական քարոզարշավը։

Նշենք, որ այսօր ժամը 18-ին լրանում է նախընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը և արդեն հայտնի կդառնա, թե քանի քաղաքական ուժ ու դաշինք է ցանկանում մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին ու կտևի մինչև հունիսի 18-ը։ Ընտրությունները կանցկացվեն արդեն առանց ռեյտինգային ցուցակների։ Քվեարկության նոր կարգ կգործի. ընտրատեղամասում քաղաքացին գրչի կարիք չի ունենա, կընտրի իր համար նախընտրելի կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը։

Մանրամասն՝ տեսանյութում․