կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-14 10:12
Քաղաքական

Սահմանի հարցում հանցավոր անգործություն է դրսևորվել, խնդրի լուծումից հետո պաշտոնանկություններ պետք է լինեն. Աբրահամյան

Սահմանի հարցում հանցավոր անգործություն է դրսևորվել, խնդրի լուծումից հետո պաշտոնանկություններ պետք է լինեն. Աբրահամյան

Դեռ 2-3 ամիս առաջ եմ հրապարակային զգուշացրել, որ հետպատերազմական փուլում սահմանային հատվածում, ինժեներական, ամրաշինական աշխատանքներին ինտենսիվ բնույթ հաղորդելու խնդիր ունենք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ամիսներ առաջ եմ բարձրաձայնել այն մասին, որ Ադրբեջանը սահմանային աշխատանքներում մեկնարկային առավելություն ունի, ինչը մեզ համար հետագայում լուրջ խնդիրներ է առաջացնելու։

Դեռ 2020-ի դեկտեմբերին եմ անդրադարձել նոր իրողություններով պայմանավորված՝ սահմանային ստորաբաժանումների վերադիրքավորման/վերախմբավորման խիստ անհրաժեշտության մասին։

Իշխանության տարբեր դեմքեր, պաշտոնատար անձինք, կառույցներ ներքին կարգով կամ հրապարակային հավաստիացնում էին, որ այդ առումով խնդիրներ չեն լինի, որովհետև լուրջ ծավալի աշխատանքներ են տարվում։

Իսկ ՀՀ ԱԽ քարտուղարը վերջին զարգացումների հետ կապված ասում է, թե ձմռան պատճառով չեն կարողացել ամբողջ սահմանը կահավորել:

Բարձրադիր հատվածներում եղանակային պայմաններով, սեզոնային բնույթով, ռելիեֆով պայմանավորված խնդիրներ միշտ էլ կարող են լինել, սակայն մի շարք պատճառներով դրանք առավել բարդ էին Ադրբեջանի դեպքում։

Երկրորդ, եթե մեծ թվով տեխնիկական հարցեր ձմեռային ամիսներին դժվար էր իրականացնել, բայց դա դեռ չի նշանակում, որ սահմանի այդ ուղղությամբ կամ դրա հարակից հատվածի բնակավայրերի պաշտպանությունը պետք է թողնել օդում կախված։

Կային նվազագույն պայմաններ, որոնք ցանկացած եղանակային պայմաններում կարելի էր ապահովել, դեռ չեմ խոսում այն մասին, որ միջադեպը եղել է մայիսի 11-12-ին, այլ ոչ թե, օրինակ՝ հունվար-փետրվարին։

Եթե նույնիսկ ապրիլ/մայիս ամիսներին աշխատանքներն այդ ուղղությամբ չէին մեկնարկել, երբ որոշակի եղանակային բարենպաստ պայմաններ արդեն կային, ապա նմանատիպ ուղղություններում իրականացվող ծառայությունն այլ կերպ պետք է կազմակերպվեր։

Միակ խնդիրն այն է, որ եթե նույնիսկ քաղաքական կամք եղել է սահմանի այդ հատվածի պահպանությունն իրականացնելու համար, ապա համապատասխան կառույցները, անձինք հանցավոր անգործություն են դրսևորել, ինչի արդյունքում վարչապետի բնութագրմամբ՝ պայթյունավտանգ, ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել։

Այս խնդրի հանգուցալուծումից անմիջապես հետո՝ անկախ դրա արդյունքներից, ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում պաշտոնանկությունների գործընթաց պետք է սկսել, իսկ ներկայիս վարչապետի պաշտոնակատարը բարոյական իրավունք էլ չունի արտահերթ ընտրությունների մասնակցելու համար։

Պնդում եմ, որ պետք է իրավական գործընթաց սկսել և այս խնդրով անցնող համապատասխան անձանց պատասխանատվության ենթարկել»։