կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-13 08:28
Առանց Կատեգորիա

Ո՞վ է փոխարինել գեներալ Մուրադովին․ «Հրապարակ»

Ո՞վ է փոխարինել գեներալ Մուրադովին․ «Հրապարակ»

«Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարին՝ Մուրադովին, արդեն փոխարինող կա․ հաջորդ 6 ամիսն Արցախում ծառայությունը կշարունակի ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևը։ Նա այսօր կժամանի Ստեփանակերտ, 2 շաբաթվա ընթացքում գործերի ընդունում-հանձնում տեղի կունենա։

Ավդեևն ազգությամբ ուզբեկ է, ծնվել է 1967-ին, Տաշքենդում, մոտոհրաձգային զորքերի գեներալ է։ Պարգևատրվել է ՌԴ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», 3-րդ և 4-րդ աստիճանի, Ժուկովի, «Զինվորական վաստակի համար», «Բարեկամության» շքանշաններով, Սուվորովի մեդալով և ՌԴ այլ գերատեսչական պարգևներով։ Ռուստամ Մուրադովն էլ է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալը։ Մուրադովի ջանքերի շնորհիվ հայրենիք վերադարձան Ադրբեջանում գերեվարված 67 ռազմագերիներ։

Մենք գրել էինք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նամակ է ուղարկել Ռուսաստանի իշխանություններին՝ Մուրադովի հասցեին բացասական գնահատականներով և հորդորով, որ Արցախում ծառայությունը չերկարաձգեն, չնայած փոխվարչապետի մամուլի խոսնակը հերքեց այդ տեղեկությունը։ Նշենք նաև, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարները պետք է փոխվեն 6 ամիսը մեկ։ Եթե կողմերը առարկություններ չունեն, ապա կարող է երկարաձգվել զորախմբի հրամանատարի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Մուրադովը «Հրապարակի» հարցին ի պատասխան ասել էր, որ Հայաստանի իշխանությունները սեփական ժողովրդին թյուրիմացության մեջ են գցում, դրանից հետո, հավանաբար, ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել են, որ նրան փոխեն։ Մենք փորձեցինք Մուրադովի փոփոխության մասին տեղեկությունը ճշտել Արցախի նախագահի մամուլի խոսնակից, սակայն նա ասաց, որ տեղյակ չէ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։