կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-10 19:37
Քաղաքական

«ՔՊ»-ն «Civic.am»-ի միջոցով բուռն հակաքարոզչություն է տանում Ռոբերտ Քոչարյանի ու «Հայաստան» դաշինքի դեմ. Antifake.am

«ՔՊ»-ն «Civic.am»-ի միջոցով բուռն հակաքարոզչություն է տանում Ռոբերտ Քոչարյանի ու «Հայաստան» դաշինքի դեմ. Antifake.am
Antifake.am-ը գրում է. Երեկ՝ մայիսի 9-ին, մայրաքաղաքի Ազատության հրապարակում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հրավիրած հանրահավաքը, որի ընթացքում նրանք հայտարարել են, որ հավանական արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում մասնակցելու են «Հայաստան» դաշինքով։ Դաշինքի ներկայացուցիչները նախ «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցում ներկայացրել են իրենց մանիֆեստը, ստորագրել այն, պատասխանել լրագրողների հարցերին, ապա երթով միացել են Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին։

Հանրահավաքին, ըստ տարբեր հաշվարկների, մասնակցել է 15.000-ից մինչև 35.000 մարդ։

Քոչարյանի ժողովրդականությունը և հանրահավաքի մասնակիցների մեծ թիվը կարծես թե ցավագին են ընդունում Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, քանի որ նրանց հիմնադրած ու համակարգած «Civic.am» լրատվականը երեկվանից լծված է հանրահավաքը և Քոչարյանի շուրջ ձևավորված դաշինքը վարկաբեկելու գործընթացին։


Մանիպուլյացիա 1
«Քոչարյանն ու դաշինքը մարդկանց հավաքել են Ազատության հրապարակում, իսկ իրենք ելույթ են ունենում «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցից․ ելույթը հեռարձակվում է բարձրախոսներով». Այսպես է վերնագրվել «Civic.am»-ի առաջին մանիպուլյատիվ հրապարակումը՝ «Հայաստան» դաշինքի և հանրահավաքի վերաբերյալ։
 
 

Իրադարձություններին ուղիղ հեռարձակմամբ չհետևող «Civic.am»-ի ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ դաշինքը ներկայացնող գործիչները խուսափել են մասնակցել իրենց իսկ հրավիրած հանրահավաքին, չեն ցանկացել դուրս գալ ժողովրդի մեջ, «փակվել են» հյուրանոցի պատերի մեջ ու հեռվից հեռու հետևել հանրահավաքին։

Հրապարակման նույնքան զարմանալի է, որքան վերնագիրը: Հրապարակման մեջ որևէ բառ չկա այն մասին, որ «Հայաստան» դաշինքի գործունեության մեկնարկը տրվել է «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցից, որտեղ դաշինքի ներկայացուցիչները հուշագիրը ստորագրելուց հետո երթով շարժվել են դեպի Ազատության հրապարակ ու միացել հանրահավաքին: 

Ի դեպ, դաշինքի ներկայացուցիչների` միջոցառման սկզբում հյուրանոցում գտնվելու փաստից «զարմացել էր» նաև Հ1-ի լրագրողը, որն էլ այն ներկայացրել էր իր ռեպորտաժում


Մանիպուլյացիա 2
Հաջորդ նյութը վերնագրվել է՝ «Քոչարյանը Ազատության հրապարակում է․ զոհեր չկան»: Նյութի հեղինակը ՀՀ երկրորդ նախագահին փաստորեն մեղադրում է  2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում 10 անձանց մահվան մեջ՝ մոլորության մեջ գցելով ընթերցողին։
 

Այս կապակցությամբ հարկ է արձանագրել. առաջին հերթին` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականից անցնում էր, այսպես կոչված, «Մարտի 1»-ի գործով։ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  300.1-րդ հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը)։ Քոչարյանին մեղադրանքն առաջադրվել է «Civic.am»-ը հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի` իշխանությունը ստանձնելուց հետո։ Ռոբերտ Քոչարյանին քրգործի շրջանակներում 10 անձանց սպանության առթիվ մեղարդանք չի առաջադրվել։ Ավելին, մինչ օրս որևէ մեկը 10 անձանց սպանության համար մեղադրյալի կարգավիճակ չունի։

Երկրորդ, Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը, որից հետո Ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանին նշված հոդվածի մասով արդարացվածի կարգավիճակ է տվել ու դադարեցրել քրեական հետապնդումը՝ հանցադեպի բացակայության հիմքով։

Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով` պետք է փաստել, որ լրագրողի նյութի վերնագիրը ոչ միայն կեղծ ու մանիպուլյատիվ է, այլ նաև լրագրողական էթիկայից դուրս, քանի որ հեղինակը մոլորության մեջ է գցում իր ընթերցողին այնպիսի հանգամանքներով, որոնք ոչ միայն հաստատված չեն, այլ նաև առաջ չեն էլ քաշվել որևէ մեղադրանքով: 


Մանիպուլյացիա 3
«Քոչարյանի հանրահավաքի մասնակիցները խուսափում էին ասել՝ ինչ ակնկալիքով էին եկել հանրահավաքի. հարցախույզ»

 

Նախ ակնհայտորեն հարցախույզ իրականացնելու հմտություններ չունեցող լրագրողը այցելել է հանրահավաքի վայր, որտեղ փորձել է հարցում իրականացնել հանրային միջոցառմանը ներկայացած ու դաշինքի ծրագրերի մասին տեղեկություններ իմանալու նպատակով հավաքված քաղաքացիներից, որոնցից ոմանք հրաժարվել են խոսել լրագրողի հետ՝ տեսախցիկի առաջ։ Լրագրողը, դուրս գալով մասնագիտական էթիկայից, տեղադրել է տեսախցիկի առաջ խոսելուց հրաժարված քաղաքացիների մասնակցությամբ տեսանյութն ու ներկայացրել, թե իբր քաղաքացիները խուսափում են ասել, թե ինչ նպատակով են մասնակցում հանրահավաքին։ Իսկ բոլոր նրանք, որոնք համաձայնել են պաստասխանել լրագրողի հարցերին, ներկայացվել են ակնհայտ բացասական լույսի ներքո։

Նման ցածր մանիպուլյացիայի (դժվար է այն լրագրողական նյութ անվանելը) նպատակը ընթերցողի մոտ տպավորություն ստեղծելն է, թե հանրահավաքին մասնակցող քաղաքացիները դժկամությամբ են ներկայացել հանրահավաքին կա՛մ չեն հասկանում` ինչու են եկել, կա՛մ եկել են ոչ իրենց ցանկությամբ, կա՛մ հանրահավաքին մասնակցում են «հանցավոր» նպատակներ ունեցող երիտասարդներ: Իրականում՝ քաղաքացու իրավունքն է տեսախցիկի առջև խոսելը կամ խոսելուց հրաժարվելը, առավել ևս, երբ հարցախույզ անող անձը վստահություն չի ներշնչում։ Իսկ տեսախցիկի առաջ խոսելուց և հարցախույզին մասնակցելուց հրաժարված քաղաքացուն հրապարակելը` վերջինիս վարքագիծը որպես «խուսափում» ներկայացնելը դուրս է լրագրողական էթիկայից: 

«Civic.am»-ի նման վարքը նորություն չէ։ Արդեն իսկ անդրադարձել էինք, թե ինչպես է նույն լրագրողը` Վովա Հակոբյանը, «Հայրենիքի փրկության շարժմանը» վարկաբեկելու համար մի ամբողջ ներկայացում բեմադրել՝ դարձյալ թիրախավորելով հարցերին պատասխանելուց հրաժարված քաղաքացիներին; 

Հանրահավաքների մասնակիցներն ու կազմակերպիչները այս լրագրողի ներկայությունն ու ակնհայտորեն ոչ մասնագիտական նպատակներով իրականացվող գործողությունները կարող ե՞ն որպես սադրանք ընկալել։


Մանիպուլյացիա 4
Հաջորդ մանիպուլյացիան իր ընթերցողին հրամցնելու համար լրատվականը հղում է արել իր «աղբյուրներին», մինչդեռ նյութը մտացածին և սուբյեկտիվ բնույթ ունի։ «Քոչարյանը դժգոհ է մնացել այսօրվա հանրահավաքից» վերնագրով նյութում հեղինակը պատմում է, որ «Civic.am»-ի տեղեկություններով` Քոչարյանը դժգոհ է մնացել հանրահավաքից, քանի որ ամենալավատեսական հաշվարկներով` դրան մասնակցել է մոտ 6000 մարդ։

Հրապարակման նպատակն է ընթերցողին ցույց տալ, որ հանրահավաքին 6000-ից պակաս մարդ է մասնակցել, մինչդեռ տարբեր հաշվարկներով հանրահավաքին 15000-35000 մարդ է մասնակցել։ Հեղինակը փորձել է ցույց տալ, որ դաշինքի ստեղծման օրվանից դրա անդամների միջև հակասություններ են առաջացել, ինչը ընթերցողին մոլորության մեջ գցելու նպատակ ունի՝ հավանական արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

Հաշվի առնելով այն, թե ինչ ջանասիրությամբ է «ՔՊ»ի հիմնադրած և իշխանական պաշտոնյաների կողմից համակարգվող «Civic.am» լրատվականը Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի վերաբերյալ մանիպուլյատիվ ու կեղծ հրապարակումներ պատրաստում, կարելի է հետևություն անել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին ու նրա շուրջ ձևավորված դաշինքը Նիկոլ Փաշինյանն իր թիվ մեկ քաղաքական հակառակորդն ու վտանգն է համարում։