կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-27 09:06
Առանց Կատեգորիա

Իշխանությունները՝ ընդդեմ լրատվամիջոցների․ «Ժողովուրդ»

Իշխանությունները՝ ընդդեմ լրատվամիջոցների․ «Ժողովուրդ»

«ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 28-ին երկրորդ ընթերցմամբ քննարկելու է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով հերթական անգամ վնասելու են միայն լրատվամիջոցներին: Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, և խորհրդարանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, մյուս կողմից՝ իշխանությունները չեն մոռանում, որ պետք է լրատվամիջոցների դեմ իրենց քայլերն ավելացնեն և ավարտին հասցնեն՝ կարողանալով այնպես անել, որ լրատվամիջոցները կրեն ֆինանսական լուրջ կորուստներ։

Իսկ ինչի՞ մասին է խոսքը. «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հունվարի 26-ին գրել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարության երկնած նախագծով կառավարությունն առաջարկում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային նոր ընդունված սահմանափակման փոխարեն կիրառել ժամային՝ առավել անհարմար և անհնարին սահմանումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում: Իհարկե, առաջին հայացքից թվում է, թե դա շատ դրական նախագիծ է, և բուքմեյքերական ընկերությունների գովազդի սահմանափակումը բերելու է նրան, որ քաղաքացիները խաղամոլությամբ չտարվեն, սակայն իրականում նման հետևանքներ չեն լինում, և արդյունքը չի արդարացնում այն նպատակը, որն իր առջև դնում է նախագիծը: Ավելին՝ ըստ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի՝ նախորդ սահմանափակումից հետո առցանց խաղամոլների թիվը եռապատկվել է:

Հավելենք՝ նախորդ սահմանափակումը վերաբերում էր վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալին: Այսինքն՝ գովազդի սահմանափակումը չի բերում խաղամոլների թվի նվազման: Սա՝ առաջին փաստ, սակայն խնդիրը նաւ տեխնիկական է, քանի որ տեխնիկապես հնարավոր չէ կայքերի պարագայում ժամանակային սահմանափակում կատարել: Հետևաբար ստացվում է՝ գովազդները հոսելու են դեպի համացանց, և լրատվամիջոցները որպեսզի օգտվեն այդ գովազդներից, կարող են գրանցվել արտերկրում, գործունեություն ծավալել իրավաբանորեն այնտեղ, այստեղից աշխատեն և հարկեր չվճարեն: Այսինքն՝ իշխանությունները լրատվամիջոցներին մղում են դեպի արտերկիր:

Եթե իշխանությունների նպատակն իսկապես մոլախաղերի դեմ պայքարն է, իրենք պետք է սահմանափակեն հենց մոլախաղերը, մարդկանց մուտքը դեպի գրասենյակներ կամ, օրինակ, սահմանափակումներ դնեն խաղադրույքներ անելու չափի վրա, այլ ոչ թե արգելեն գովազդը կամ որոշ ժամերի գովազդը: Եվ ամենակարևորը՝ հիմա մեր տնտեսությունն այն վիճակում է գտնվում, որ Հայաստանում գովազդատուները շատ չեն, բուքմեյքերներն էլ հանդիսանում են ամենախոշոր գովազդատուն, և գովազդը սահմանափակելով՝ առաջին հերթին վնասելու են լրատվամիջոցներին»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։