Այսօր Բերդավանի կենտրոնական այգում տեղի ունեցավ խաչքարի տեղադրում՝ ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար բոլոր ժամանակներում զոհված Բերդավանի հերոս տղաների։
Խաչքարը պատրաստվել է Տավուշի մարզում գործող «Արար» ծրագրի «Խաչքարագործություն և փայտարվեստ» բաժնի սաների կողմից։ Խաչքարը օծեց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազան հոր խոսքով այս խաչքարը մեր հերոսների չապրած կյանքի լուռ ներկայությունն է հենց գյուղի կենտրոնում:
Ամեն անգամ այցելելով կհասկանանք, որ հանուն հավերժի ճամփան բռնած մեր տղաների համար էլ մենք պետք է ապրենք, արարենք, ունենանք շատ զավակներ հենց նրանց անուններով...
Խաչքարի բացմանը ներկա էր նաև «Արար» ծրագրի հիմնադիր-ղեկավար Արսեն Գրիգորյանը, ով իր խմբով և Բերդավանցի զոհված տղաների ընտանիքների անդամների հետ հարգանքի տուրք մատուցեցին՝ այցելելով քաջարի ու անմահ հերոսների շիրիմներին ։
Խունկ և աղոթք մեր նահատակ զինվորների հոգիների խաղաղության համար: