Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանը մոտ երկու ամիս առաջ ձայնային հաղորդագրություն է ուղարկել նախկին պաշտոնյաների գործերը քննող քննիչներին՝ նրանց տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի խորրդական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։ Այս մասին գրել է mediaport տելեգրամյան ալիքը եւ կից հրապարակել նաեւ սկանդալային ձայնագրությունը։
«Բարի լույս, բոլորին. մի րոպե ուշադրություն։ Էն գործերով, որով վարչապետի խորհրդական Աննան էն անգամ եկել էր ստեղ ու քննարկումներ ա եղել, երեքշաբթի նորից քննարկում ա լինելու, ինքը գալու ա՝ ժամը 10-ին։ Ու նենց չլինի, որ էդ գործերով հանկարծ որևէ բան արված չլինի»,-ասում է ՔԿ ծանր հանցագործությունների բաժնի պետի տեղակալի օգնականը։
Նշենք, որ Երևան քաղաքի քննչական վարչության պետը ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է՝ Անրի Վարդանյանը։ Նույն Ջհանգիրյանը, որի հետ Աննա Վարդապետյանը պարբերաբար հանդիպում է ԲԴԽ-ում՝ նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցած քրեական գործերն ուղղորդելու համար։