Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում բնակարանային գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ 36 տարեկան: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ վերջինս, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2021 թվականի մարտի 17-ին` ժամը 14:30-ի 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Առինջ համայնքի առանձնատներից մեկի պարսպի վրայով անցնելու եղանակով ապօրինի մուտք է գործել տան տարածք, ապա մետաղական լինգի միջոցով պոկելով առանձնատան հյուրասենյակի և ավտոտնակի պատուհանների ճաղավանդակները՝ բացել է պատուհանները, ապօրինի մուտք գործել ներս և գաղտնի հափշտակել տարբեր ապրանքներ՝ տանտիրոջը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Գողոնը տեղափոխելու նպատակով 36-ամյա տղամարդը նույն օրը` ժամը 18:12-ի սահմաններում, կանչել է իր ծանոթին և նրան չտեղեկացնելով տեղափոխվող գույքի՝ հափշտակված լինելու հանգամանքի մասին` դրանք տեղավորել է վերջինիս կողմից շահագործվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի մեջ և ուղևորվել դեպի Երևան, սակայն ճանապարհին բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցների կողմից:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` նշված անձի կողմից նմանատիպ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, նրա գործողություններից տուժած այլ անձանց, ինչպես նաև՝ հնարավոր այլ հանցակիցներին պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: