Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
168.am-ը գրում է․ 2018թ. իշխանափոխությունից հետո նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչների նկատմամբ հարուցվեցին քրեական գործեր: Վերջիններիս հիմնականում վերագրվում էին տնտեսական բնույթի հանցագործություններ:
Նրանցից էր նաև Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ում նկատմամբ, մասնավորապես, 2019թ. օգոստոսի 29-ին քրեական գործ հարուցվեց պաշտոնեական դիրքի չարաշահմամբ տարածքներ սեփականաշնորհելու փաստով։
2020թ. ապրիլի 6-ին Դատախազությունը մեկ այլ հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ 2020թ. մարտի 23-ին ՀՀ Լոռու մարզպետը մարզի դատախազություն հասցեագրված գրությամբ տեղեկություններ է հայտնել մարզի վարչական տարածքում սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքում կապալառու կազմակերպությունների կողմից անորակ աշխատանքներ կատարելու, ինչպես նաև «ընկերությունների կողմից ասֆալտբետոնե հանուկների փորձարկման արդյունքների վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ ներկայացվելու վերաբերյալ»։
Նման տեղեկություններ մեզ հասան նաև հենց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի առնչությամբ:
Մենք կապ հաստատեցինք Վանաձորի նախկին ղեկավարի հետ՝ ցանկանալով ճշտել՝ որքանո՞վ են մեր տեղեկությունները համապատասխանում իրականությանը:
«Ճիշտն ասած՝ իմ տեսակը միանշանակ ճնշվող տեսակ չէ: Ինձ ոչ ոք երբևէ չի կարող ճնշել, բայց տագնապի մեջ գտնվող իշխանությունները քաղաքական ճնշումների փորձեր են կատարում: Զավեշտը հասել է նույնիսկ այնտեղ, որ քրեական գործերով վախեցնելով՝ միջնորդներ են ուղարկում, որպեսզի իմ քաղաքացիական գործունեությունը դադարեցնեմ և աջակցեմ իրենց: Ես որևէ մեկի աջակցելու խնդիր չունեմ»,- ասաց Սամվել Դարբինյանը:
Նրա խոսքով՝ իր համար անհայտ է մնում, թե քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք որտեղի՞ց են այդքան մանրամասն տեղեկություններ ստանում այդ քրեական գործերի մասին:
Հարցին՝ նո՞ր, թե՞ այնուամենայնիվ հին գործերով են սպառնում իրեն, Սամվել Դարբինյանը պատասխանեց՝ ոչ. դրանք դեռ իր՝ քաղաքապետ աշխատած տարիներին վերաբերող շինծու գործեր են, որոնք ինչպես հարուցել են, այնպես էլ՝ փակել:
«Ավելի մանրամասներ չեմ ուզում ասել: Անհրաժեշտության դեպքում բոլոր փակագծերը կբացեմ: Ուզում եմ, որ և իշխանությունները, և բոլորն իմանան՝ իմ պայքարը քաղաքական չէ, իսկ քաղաքացիական պայքարս հանուն հայրենիքի է, իմ երկրի ու պետականության»,- ասաց Վանաձորի նախկին քաղաքապետը:
Մեր դիտարկմանը, թե տեղեկություն ունենք, որ անմիջականորեն Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն է ներգրավված իր նկատմամբ ճնշումներ իրականացնելու գործընթացում, Սամվել Դարբինյանը պատասխանեց՝ այս պահին չեմ ուզում այդ հարցը մանրամասնել, ըստ անհրաժեշտության՝ դրան կանդրադառնամ: