Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փետրւարի 25-ի երեկոյեան, Երեւանի Հանրապետութեան հրապարակում, Նիկոլի այսպէս ասած կողմնակիցների հաւաքում, որին մասնակցել էին «Իմ քայլականները» իրենց ընտանիքներով, բարեկամներով, հարազատներով, խնամիներով եւ մի շարք պետական հլու պաշտօնեաներով, ինչպէս նաեւ մի քանի արդուզարդով, սելֆի անող շպարւած կանանցով, որտեղ Նիկոլը կրկին ու կրկին, Աստւած գիտի որերորդ անգամ, արտասանեց «Հայաստանի հպարտ քաղաքացի» արտահայտութիւնը: Ըստ Բարոյագիտական բառարանի, հպարտութիւնը իր բազմազան բացատրութիւններից յետոյ, նաեւ ներկայացնում է արժանապատւութեան դրսեւորման զգացում, թէեւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու եօթը մոլութիւնների մէջ, առաջինը հպարտութիւնն է, բայց երբ մի ազգանւէր գործ կամ յաղթանակ է արձանագրւում, այդ պարագային հպարտութեան վատ յատկութիւնը փոխւում է առաքինի յատկութեան, հէնց այնպէս՝ ինչպէս հպարտանում ենք մեր ազգային կեանքում տեղի ունեցած բոլոր յաջողութիւնների համար:
Արդ, մեր ազնիւ Հայաստանի քաղաքացին ինչո՞վ պիտի հպարտանայ ու արժանավայել կերպով իրեն հպարտ զգայ. արդեօք առանց Արցախի կարգավիճակի ճշտման մեր ազատագրւած տարածքների հետ Շուշին ու Հադրութը մեր թշնամիներին յանձնելո՞վ, մեր Սիւնիքի ճանապարհների՝ ադրբեջանցիների վերհսկողութեա՞մբ, Սիւնիքում եւ Հայաստանի սահմանամերձ այլ շրջաններում ադրբեջանական դրօշի ծածանումո՞վ ու թուրքերէնով տեղադրւած ցուցանակներո՞վ եւ զանազան տրամաչափի զէնքերով անընդհատ կրակոցներո՞վ, Հայաստանի միջազգայնօրէն ճանաչւած սահմանները, ըստ ադրբեջանցիների քմահաճոյքի փոփոխութեան ենթարկելո՞վ, ազգին սեւ ու սպիտակի բաժանումո՞վ, իրենց խախուտ իշխանութիւնը պահելո՞ւ համար, քաղաքացիական պատերազմի հրահրումո՞վ, երկրի տնտեսութեան քայքայումո՞վ, թուրքական մի ինչ որ յանձնախմբի հետ ապազգային դասագրքեր կազմելո՞վ, ազգային արժէքների ոտնահարումո՞վ, հայոց եկեղեցու եւ նրա գահակալի նկատմամբ արհամարհանք ցուցաբերելո՞վ, համասեռականութեան տարածումո՞վ… Յիրաւի՝ այսօր ինչո՞վ, ինչո՞վ, պիտի հպարտանան ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլ նաեւ ողջ հայութիւնը:
Դժբախտաբար, Փաշինեանը մեր ազնիւ, հայրենասէր եւ ազգասէր բանակի հրամանատարների արդար պահանջը՝ կառավարութեան հրաժարականի կապացութեամբ հրապարակած յայտարարութիւնը որակել է «զինւորական յեղաշրջում», որին անմիջապէս արձագանգել են թուրքիայի արտ. գործ. նախարարը եւ նախագահ՝ Էրդողանը, ինչը ցոյց է տալիս, թէ Նիկոլը ինչ «ազիզ» անձ է իրենց համար: Ցաւում եմ, որ Նիկոլը որպէս երկրի թիւ մէկ ղեկավար, կամ չգիտի զինւորական յեղաշրջման եւ հայրենադաւ վարչախմբից ձերբազատւելու համար համաժողովրդական շարժմանը բանակի միանալու տարբերութիւնը, կամ եթէ գիտի, միտումնաւոր կերպով, իր մութ նպատակներին հասնելու համար, խնդիրները ծուռն է ներկայացնում: Եթէ զինւորական յեղաշրջում տեղի ունեցած լինէր, այսօր Երեւանը «Հայրենիքի փրկութեան շարժման» կողմնակիցների փոխարէն, պիտի հրետանիների եւ զինւած զորամիաւորումների տիրակալութեան ներքոյ լինէր:
Զինւորական յեղաշրջումը նշանակում է մի խումբ զինւորականների ըմբոստացում՝ երկրի օրինաւոր պետութեան դէմ, որոնք հրասայլերով ու զինւած ուժերով տապալում են եղած իշխանութիւնը եւ հաստատում իրենց մենատիրութիւնը, որը միջազգայնօրէն ընդունւած երեւոյթ չէ, մինչդեռ համաժողովրդական շարժումով, պետութեան ապիկար եւ հայրենադաւ ղեկաւարի հրաժարականի պահանջին զինւորականների միացումը, հայրենասիրական եւ ժողովրդի կողքին լինելու ազնիւ քայլ է եւ ոչ թէ՝ յեղաշրջում: Այս կապակցութեամբ ամենավառ օրինակը Իրանի Իսլամական յեղափոխութեանը Շահի բանակի միացումն էր, որը նպաստեց յեղափոխութեան վերջնական յաղթանակին:
ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ
Նոր Ջուղա
27.2.2021 թ.