կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-27 16:51
Քաղաքական

Զինվորականների՝ նման հայտարարությունը խոսում է մեր երկրում առկա ծայրահեղ վտանգի մասին. Գեղամ Նազարյան

Զինվորականների՝ նման հայտարարությունը խոսում է մեր երկրում առկա ծայրահեղ վտանգի մասին. Գեղամ Նազարյան

«Զինված ուժերն արեցին այն, ինչ պետք է անեին»,- այսօր Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ Yerkir.am-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է Արցախյան վերջին պատերազմում:

Հիշեցնենք՝ փետրվարի 25-ին ԶՈւ ԳՇ-ն  հայտարարություն էր տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

 Փաշինյանն այդ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ էր որակել:

«Դրանից հետո, ինչպես ասում են, ով աչք ունի՝ թող տեսնի, ով ականջ ունի՝ թող լսի:  Եթե զինված ուժերը, Օնիկ Գասպարյանը, մեր զինվորականները նման հայտարարություն են անում, ուրեմն պետք է հասկանանք, որ մեր երկիրը գտնվում է ծայրահեղ վտանգի ներքո, և Նիկոլի կառավարումը վտանգում է Հայաստանի  անվտանգությունը: Ասում եք՝ ապացույց, չէ՞, Թուրքիայի նախագահի, վարչապետի և Արտգործնախարարության հայտարարությունները դրա վառ վկայությունն են, Թուրքիան սարսափեց, որ Նիկոլը կարող է պաշտոնանկ արվել: Ողջունում եմ, որ թուրք ժողովուրդը, Թուրքիայի ղեկավարությունն անհանգստանում է Նիկոլ Փաշինյանի համար: Տեսնո՞ւմ եք՝ ինչ հոգատար իշխանություններ են: Ես կուզեմ, որ վաղը-մյուս օրը Հայաստանում ևս իրենց աշխատողների, պետծառայողների, շինարարների նկատմամբ այդպիսի գորովալից վերաբերմունքով իշխանություն ունենանք: Տեսա՞ք՝ ոնց անհանգստացան»,- ասաց Նազարյանը:

Հարցին, թե թշնամական երկրի կողմից հնչեցված հայտարարությունները, որով նրանք ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը դատապարտում են և անվանում են «ռազմական հեղաշրջման փորձ», արդյո՞ք աջակցություն էր Նիկոլ Փաշինյանին և իր իշխանությանը, Գեղամ Նազարյանը պատասխանեց.

«Իհարկե, բացահայտ աջակցություն էր: Թուրքիայի դարդ ու ցավը ե՞րբ էր Հայաստանի համար կտրել, որ մի հատ էլ կոչեր անեին: Մարտի 1-ին կոչեր արեցի՞ն, չեմ հիշում, 95-96-ին էլ չեմ հիշում, որ ինչ-որ կոչեր արած լինեն»:

Գեղամ Նազարյանը վստահեցրեց, որ սուտ է այն պնդումը, թե ԱԱԾ-ն, Ոստիկանությունն աջակցում են Նիկոլ Փաշինյանին, և ավելացրեց, որ այդ կառույցների հրապարակային հայտարարություններն այնքան էլ էական չեն այս պահին, երբ արդեն կա ԳՇ-ի հայտարարությունը:

Որդեկորույս հոր՝ Գեղամ Նազարյանի կարծիքով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրելու և չի ընդունելու ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու Նիկոլ Փաշինյանի առաջարկը: Իսկ ի՞նչ պետք է անի նախագահը:

«Պետք է Նիկոլ Փաշինյանին հորդորի, որ խաղաղ հեռանա: Նա ականջներով կառչած է աթոռից, բայց նա խաղաղ է հեռանալու, նա այլ տարբերակ չունի, նա այդքան ռեսուրս չունի, որ կարողանա բախումներ հրահրել: Մենք տեսանք նրա ուժը իր կազմակերպած, այսպես կոչված, հանրահավաքի ժամանակ, երբ, ամբողջ վարչական ռեսուրսը գործի դնելով, 1000 հոգի մարդ էին կարողացել բերել»,- ասաց Նազարյանը:

Լրագրողի հարցին ի պատասխան, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդումներին, թե իր հրաժարականի հանրային պահանջ չկա՝ Նազարյանն ասաց, որ անգամ եթե այսքան մարդիկ հրապարակներում ու փողոցներում չհավաքվեին, Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տար, քանի որ պարտված երկրի ղեկավարը չի կարող շարունակել կառավարել:

«Եթե անգամ այսօր 2 մլն մարդ գա, կանգնի, նա ասելու է՝ «հանրային պահանջ չկա», չեք ճանաչում, թե նա ո՞վ է: Երկու կաթողիկոսները, Գլխավոր շտաբը, գիտնականները, համալսարանները, անգամ նախագահը պահանջում են նրա հրաժարականը:  Տրամաբանությունից դուրս է, թե Նիկոլն ի՞նչ է ուզում: Պարզվեց՝ Նիկոլն ուղղակի վախենում է, որ Էրդողանը նեղանա իրենից և գործից ազատի: Ասում էր՝ «չշշկռվեք, գերագույն գլխավորը ես եմ, բա գերագույն գլխավոր, տեսանք՝ դու ով ես»,- ասաց Նազարյանը:

Լրագրողի հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներ հրավիրելով  փորձո՞ւմ է ցույց տալ, որ հանրային աջակցություն ունի, Նազարյանը պատասխանեց.

«Փորձում է, է թող փորձի, ինչքան փորձում է՝ էդքան ծիծաղելի վիճակի մեջ է հայտնվում: Երկրի՝ պաշտոնով թիվ 1-ը ասում է՝ բոլորդ եկեք հրապարակ, մարդ չի գնում, բա ինքը պետք է ամոթից ոչ թե սենյակից, այլ զուգարանից դուրս չգա»: