Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկու ամսից ավելի է՝ Ֆրանսիայից ուղարկված 9 տոննա օգնությունը արգելափակվել է Երեւանի պահեստներից մեկում: Այս մասին հաղորդում է ֆրանսիական «Շարժում» նախաձեռնությունը, որը նաեւ տեսանյութ է հրապարակել:
Տարածված հայտարարությունում ասվում է. «Պատերազմի հենց սկզբից, ինչպես շատ այլ հայկական միություններ եւ հենց Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, այնպես էլ Շարժումը պատասխանատվություն եւ միասնականություն է ցուցաբերել Արցախի եւ հայ ժողովրդի հանդեպ: Դուք դրան ականատես եք եղել եւ մասնակցել եք մեր կողմից իրականացված տարբեր գործողություններին, որոնք նպատակաուղղված են օգնելու պատերազմի զոհերին:
Այսօր մենք ստիպված ենք դատապարտել այն գործողություններն ու սխեմաները, որոնք դանդաղեցնում են մեր աշխատանքը:
Դեկտեմբերի 18-ից մեր՝ մարդասիրական օգնության համար նախատեսված բեռներից մեկը, որում առկա է ավելի քան 9 տոննա օգնություն, արգելափակվել է Երեւանի պահեստներից մեկում եւ սպասում է մաքսազերծման: Չնայած այն հանգամանքին, որ մենք ստիպված էինք համակերպվել, որ թուրքական ապրանքների մաքսազերծումը (մինչեւ 2020 թ. Դեկտեմբերի 31-ը) առաջնահերթություն ուներ մեր մարդասիրական բեռի նկատմամբ, չնայած այն հանգամանքին, որ մենք ընդունեցինք մաքսային ծառայությունների փակումը տարեվերջին՝ տոների կապակցությամբ, չնայած համակերպվել ենք Հայաստանի վարչակազմի կողմից իրականացվող գործողությունների երկար ժամանակ պահանջելուն եւ բարդությանը, մենք չենք պատրաստվում ընդունել այն գործողությունները եւ սխեմաները, որոնք նպատակ են հետապնդում հետաձգել հումանիտար օգնության առաքումը:
Ավելի քան երկու ամիս է, ինչ, չնայած բոլոր վարչական թույլտվությունների ստացմանը, մաքսատունի անընդմեջ դնում են այնպիսի անհասկանալի պայմաններ, որոնք երբեք չեն ձեւակերպվել նախօրոք, մինչ մենք կկարողանանք հավաքել օգնության տուփերը: Չնայած այն հանգամանքին, որ մենք տեղյակ էինք Հայաստանի վարչակազմի կողմից մարդասիրական օգնության առաքումը հեշտացնելու պատրաստակամության բացակայության մասին, մեզ այժմ վհատեցնում է այն փաստը, որ մաքսատունի որոշ անհատներ օգտվում են իրավիճակից՝ հնարավորինս երկարացնելով գործընթացը: Ի՞նչ նպատակով:
Սա պարզապես անփութության դրսեւորում է, թե՞ ավելի արագ եւ հեշտ կլիներ, եթե մենք «կանխիկ նվիրատվություն» առաջարկեինք մեր գործով զբաղվող պետական պաշտոնյաներին: Նմանատիպ գործողություններն առավել սարսափելի են՝ հաշվի առնելով իրավիճակի հրատապությունը:
Ավելորդ է ասել, որ երկիրն անցնում է իր պատմության ամենակարեւոր սոցիալական եւ հումանիտար ճգնաժամերից մեկի միջով, եւ այս օգնությանը սպասում են հարյուրավոր մարդիկ, որոնց համար այն կենսական նշանակություն ունի: Եվս մեկ սարսափելի դիտարկում՝ նման գործողությունները պարբերական բնույթ են կրում. մեր տուփերը պահվում են մի քանի տասնյակ անվասայլակներից եւ բժշկական մահճակալներից ոչ հեռու՝ սարքավորումներ, որոնք ավելի քան անհրաժեշտ են այս պահին: Մենք դատապարտում ենք ձախողված համակարգը, որում չարամիտ անհատները ի զորու են օգտվել այդ ձախողումներից՝ դրանք ծառայեցնելով ի շահ իրենց եւ ի վնաս հավաքական շահի»: