Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Թեև «ֆեյք» հասկացությունը՝ բառի ժամանակակից իմաստով, գոյություն ուներ նաև անցյալում, սակայն լայն տարածում ստացավ հատկապես 2018 թվականի թավշյա հեղափոխության ընթացքում ու դրանից հետո։ Ֆեյք սիմվոլները հասարակությանը մատուցվում էին հենց հեղափոխական հրապարակներից, իսկ արդեն իշխանության գալուց հետո ֆեյք ինդուստրիան դարձավ Նիկոլ Փաշինյանի հիմնական, եթե ոչ՝ ամենաառանցքային հենարանը։ Բայց տվյալ դեպքում խնդիրը սոցիալական ցանցերում գրանցված հազարավոր կամ տասնյակ-հազարավոր կեղծ օգտատերերը չեն։
Ավելի կարևոր ու կործանարար է այն, որ «ֆեյքիզմն» իրականում Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության համար եղել կամ գուցե ժամանակի ընթացքում դարձել է մտածողության ձև, աշխարհայացք, կենսափիլիսոփայություն։ Նրանք ունակ են կեղծելու, առանց բացառության, ամեն ինչ՝ սկսած պատերազմում զոհված հերոսի պապիկից՝ մինչև հաջորդ պատերազմի 44-օրյա ընթացքի պատմություն։
Նիկոլ Փաշինյանը դեռ 2018 թվականին՝ հեղափոխություն կոչվածի օրերին, տեսել ու համոզվել է, որ կեղծիքն աշխատում է, ու այն դարձել է գործունեության ուղենիշ։ Լայն իմաստով, նա կեղծիքը՝ «ֆեյքիզմը», տարածել է ամբողջ Հայաստանի վրա։ Եվ որքան էլ դաժան, սակայն օրինաչափ է, որ պետությունն ինքը՝ որպես այդպիսին, այսօր արդեն կեղծ է, ֆեյք, որովհետև Նիկոլ Փաշինյանի երկուսուկեսամյա կառավարման արդյունքում Հայաստանը կորցրել է պետությանն ու պետականությանը ներհատուկ բոլոր հատկանիշները։
Հայաստանը Ռուսաստանից պոկելու նպատակադրմամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն այն ամբողջությամբ դրել է ռուսական մանդատի տակ և հիմա հպարտորեն հանդես է գալիս՝ որպես սոսկ դրոշ ու զինանշան ունեցող, բայց պետականությունից զուրկ տարածքի ղեկավար։ Այդ իմաստով ֆեյք է նաև Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը, քանի որ նա այլևս զրկվել է կարևոր հարցերում սուվերեն որոշումներ կայացնելու իրավունքից և լավագույն դեպքում կարող է զբաղվել պուրակի կառուցապատման հարցերով՝ ինչպես կառավարության վերջին նիստում։
Ֆեյք մտածողությունն ու աշխարհայացքը կործանեց Հայաստանը։ Երկուսուկես տարի շարունակ պետությունն ու հասարակությունն ապրում էին երկու զուգահեռ իրականություններում՝ իրական կյանքում ու ֆեյք իրականության ճիրաններում։ Պատերազմը հասարակության բախումն էր ֆեյք իրականության հետ, սակայն, ցավոք, այդ բախումը չսթափեցրեց մարդկանց, նրանցից շատերն այսօր հաճելի կեղծիքը գերադասում են դառը ճշմարտությունից։
Ֆեյք իրականության ճարտարապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է նույն այդ իրականության զոհը։ Կեղծիքը թմրանյութի նման ժամանակի ընթացքում բթացնում է մարդու բանականությունը ու առաջացնում է կախվածություն։ Եվ ահա Նիկոլ Փաշինյանը, լինելով կեղծ իրականության հեղինակն ու կեղծ պետության ֆեյք ղեկավարը, այսօր հայտնվել է նույն այդ կեղծիքի զոհի կարգավիճակում։
Դրա ամենավառ արտահայտությունը նախօրեին Երևան-Գյումրի մայրուղու վրա կազմակերպված «հանրային աջակցության» տափակ ներկայացումն էր։ Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ իրականում շատ դժվար է ասել՝ Նիկոլ Փաշինյանն այդ բեմականացմամբ փորձում էր հասարակությա՞նը ցույց տալ, որ «հանրային աջակցություն» է վայելում, թե՞ ինքն անկեղծորեն հավատում էր, որ իր անտաղանդ ենթակաների կազմակերպած այդ թամաշան «հանրային աջակցություն» էր։ Բայց անկախ թամաշայի կազմակերպման մոտիվներից, դա իր մեջ արդարության որոշակի բաղադրիչ էր պարունակում․ ֆեյք պետության ֆեյք ղեկավարը պետք է ունենա հենց այդպիսի «հանրային աջակցություն»։
Մամուլում, սոցիալական ցանցերում հաճախ տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ այս կամ այն ֆեյքի հետևում կանգնած է այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան։ Այդ տեղեկությունների մի մասը համապատասխանում է իրականությանը, մյուսները՝ ոչ այնքան։ Բայց մեծ հաշվով, այդ տեղեկություններն անիմաստ են, քանի որ հայտնի է Հայաստանի ամենաբարձրաստիճան ֆեյքի անունը՝ Նիկոլ Փաշինյան։ Նա է իրականում բոլոր հայտնի ու ոչ այնքան հայտնի ֆեյքերի մոդերատորը՝ բառի ոչ թե ուղիղ, այլ բովանդակային իմաստով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: