կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-12 15:35
Տնտեսական

Բավրայի մաքսակետը Բագրատաշենի եւ Գոգավանի անցակետերի փակման փուլում օրական միջինում սպասարկել է 200-ից ավելի բեռնատար

Բավրայի մաքսակետը Բագրատաշենի եւ Գոգավանի անցակետերի փակման փուլում օրական միջինում սպասարկել է 200-ից ավելի բեռնատար

Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսակետում, չնայած եղանակային առանձնահատկություններին,  կանոնավոր իրականացվում է բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը եւ ելքը։ 2020 թվականին, համավարակի եւ ռազմական դրության պայմաններում, ինչպես նաեւ աշնանը վրացական հատվածում ճանապարհների վերանորոգման պատճառով բեռնատարների ելումուտը Բագրատաշենի եւ Գոգավանի անցակատերից ժամանակավոր ուղորդվել էր Բավրա: Այդ շրջանում անցակետն աշխատել է ծանրաբեռնված: Մաքսակետի  պատասխանատուները վստահեցնում են` իրավիճակից հաջողվել է պատվով դուրս գալ, քանի որ քովիդով պայմանավորված՝ արգելված էր ուղեւորների եւ թեթեւ մարդատար մեքենաների սահմանահատումը, հետեւաբար ամբողջ ներուժն ուղղորդվել է հենց բեռնատարների սպասարկմանը: «2020թ. ընթացքում Բավրայի մաքսակետում բեռնատարների թողունակությունը օրական միջինը կազմել է 70-120 մեքենա, սակայն Բագրատաշենի եւ Գոգավանի անցակետերի ժամանակավոր փակման փուլում օրական սպասարկել ենք 200-ից ավելի բեռնատար տրանսպորտային միջոցներ»,-տեղեկացրել է ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային-կետ բաժնի պետի տեղակալ Արտակ Խաչատրյանը:

Վրաստանից Հայաստան սահմանը ցամաքային ճանապարհով արդեն կարող են հատել Վրաստանի քաղաքացիները՝ միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում: Բավրայի մաքսակետում փետրվարի 8-ից 11-ը սպասարկվել է Վրաստանի շուրջ 140 քաղաքացի: