կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-07 20:13
Քաղաքական

Ավելի քան 150 փաստաբաններ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. հայտարարություն

Ավելի քան 150 փաստաբաններ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. հայտարարություն

Ավելի քան 150 փաստաբաններ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Այդ կապակցությամբ նրանք տարածել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է.

«Մենք՝ ներքոստորագրյալ փաստաբաններս, պահանջում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ՝

1. վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է իշխանությունների բաժանման սկզբունքը՝ կալանավորելու հարցով դատավորի գործունեությանը «միջամտելու», դատարանների շրջափակումը կազմակերպելու, դատավորներին վիրավորելու, վեթթինգով սպառնալու, դատավորների եւ ԲԴԽ անդամների հետ կոնկրետ գործերը քննարկելու միջոցով.

2. վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը խախտել է իշխանությունների բաժանման սկզբունքը՝ Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները ապօրինի դադարեցնելու միջոցով՝ շրջանցելով Սահմանադրական դատարանի նախնական վերահսկողությունը եւ հանրաքվեն.

3. վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կանխել փաստաբանների եւ լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ ուղղորդված ճնշումները.

4. վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը մերժել է փաստաբանի իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ օրինագծերը Ազգային ժողով ներկայացնելու Փաստաբանների պալատի նախաձեռնությունները (դատական տուգանքի վերացում, փաստաբանին վիրավորելու համար պատասխանատվություն, կալանավորված փաստաբանի հետ փաստաբանների պալատի ներկայացուցչի հանդիպման հնարավորություն եւ այլն).

5. վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմն անհարկի երկարաձգել է արտակարգ եւ ռազմական դրությունները, դրանով իսկ խախտել է քաղաքացիների ազատ տեղաշարժման, հավաքների կազմակերպման եւ մասնակցության, խոսքի ազատության եւ այլ իրավունքները.

6. վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը կրթության եւ գիտության ոլորտներում իրականացրել է Հայաստանի ազգային շահերից չբխող քաղաքականություն.

7. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձախողել է Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշտպանությունը, որի արդյունքում, մասնավորապես, Արցախի Հանրապետության տարածքների մեծ մասը փոխանցվել են Ադրբեջանին, Հայաստանը եւ Արցախը կրել են մարդկային մեծ կորուստներ, բազմաթիվ մարդիկ մնացել են անօթեւան.

8. վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնիության պայմաններում ստորագրել է Արցախի եւ Հայաստանի շահերին վերաբերող նվաստացուցիչ փաստաթուղթ՝ ի հակասումն իր իսկ խոստումների, որ գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվելու.

9. վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթը ստորագրելուց հետո չի կարողանում (ի զորու չէ) ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահերը, այդ թվում՝ չի կարողանում լուծել ռազմագերիների, անհայտ կորածների, ինչպես նաեւ Հայաստանի սահմանները պահպանելու հարցերը:

Վերոնշյալ եւ բազմաթիվ այլ սխալների հետեւանքով վտանգված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ իրավական անվտանգությունը:

Հայտարարությունը բաց է փաստաբանների միանալու համար»:

 

Տես նաև՝ Շիրակի մարզի Ազատանի և Բենիամինի համայնքապետարանները պահանջում են Փաշինյանի հրաժարականը:

Տես նաև՝ Շիրակի մարզի մի շարք համայնքապետարաններ ևս միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին: