Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական դժվարությունների, երկրում ամիսներ շարունակ հաստատված արտակարգ դրության, կարանտինի (2020 թ. սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը), իսկ սեպտեմբերի 27-ից սկիզբ առած լայնածավալ պատերազմի պատճառով հայտարարված և մինչ օրս «հասկանալիորեն» շարունակվող ռազմական դրության պայմաններում կրկին ակտիվացան պետական հիմնարկներում շռայլվող պարգևատրումների, ծանրագույն իրավիճակում պետական բյուջեից միլիոնավոր դրամներ կորզող ձրիակեր չինովնիկների վարքագծի վերաբերյալ քննարկումները:
Ելնելով այդ իրողությունից՝ Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել բոլոր նախարարություններին՝ խնդրելով ներկայացնել հետևյալ պաշտոնյաների` նախարար, նախարարի տեղակալներ, նախարարության գլխավոր քարտուղար և նրա տեղակալներ, նախարարի խորհրդականներ, օգնականներ, ընդհանուր թիվը և տվյալ խմբին 2020 թ. առանձին սեպտեմբեր և առանձին հոկտեմբեր ամիսներին տրված պարգևավճարների չափը՝ առանց անհատական տվյալների բացահայտման:
Ստացվել է բավականին հետաքրքիր պատկեր:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 27-ից մինչև 2020 թ. հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակաշրջանում ՀՀ ԱՍՀ նախարարը, նախարարի տեղակալները, նախարարի խորհրդականները, այդ թվում՝ ԿՍԱԳ խորհրդականները, և գլխավոր քարտուղարը պարգևատրվել են 2 անգամ՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար: Ստացվում է, որ նրանք պատերազմի թեժ օրերին, երբ ողջ հայությունը, մի բռունցք դարձած, միջոցներ էր հավաքում ռազմաճակատին ինչ-որ կերպ օժանդակելու և հաղթանակ կերտելու համար (որը իշխանությունների կողմից դավադրաբար նվիրվեց թշնամուն), Զարուհի Բաթոյանի հիմնարկում ցինիկաբար գումարներ էին մսխում՝ «հին ամիսների պարտքերի» մարման համար:
2020 թ. հոկտեմբերի ամսին առողջապահության նախարարությունը պարգևատրում չի ստացել: Պատասխան նամակում ոչինչ չի նշված սեպտեմբեր ամսվա համար, հետևաբար՝ սեպտեմբեր ամսին ստացել են, իսկ թե որքա՞ն, դա էլ են թաքցրել՝ հղում տալով ՀՀ Աշխատանքային օրենսգրքին և համարելով անձնական տվյալ: Նախարարությունը նաև առաջարկում է հետևել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքէջին, որտեղ ապագայում հրապարակվելու են հայտարարագրերը: Նախարարությանը հիշեցնենք՝ հանձնաժողովի անունը փոխվել է, այն վաղուց կոչվում է` կոռուպցիայի կանխարգելման, իսկ թե ինչպիսի քաոս է տիրում այնտեղ կամ իշխանության հետ ինչպիսի հնարավոր կասկածելի գործարքների մասին է ահազանգվել ժամանակին, Yerkir.am-ը անդրադարձել է բազմիցս:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գրավոր պատասխանել է, որ նախարարության աշխատակիցները սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար պարգևավճար չեն ստացել:
ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունը, թաքցնելով տեղեկատվությունը, խորհուրդ է տալիս սպասել և հետևել հայտարարագրերի հրապարակմանը: Նախարարությունը հազիվ թե թաքցներ պարգևատրում չստանալու` իր «հերոսական» քայլը, և նման խուսափողական պատասխանը ոչ այլ ինչ է, եթե ոչ շռայլ պարգևատրումները ժամանակավորապես քողարկելու` էժանագին մեթոդ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանում նշված է, որ մեր հարցման մեջ նշված ղեկավար պաշտոնյաների ընդհանուր թիվը 15 է, որոնց 2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար վճարվել է 8.227.522 դրամ (ներառյալ` հարկերը) պարգևատրում, իսկ հոկտեմբեր ամսվա համար պարգևատրում չի վճարվել:
Առավել «հերոսական» է պատկերը ԿԳՄՍ` արդեն նախկին նախարարի վերածված Արայիկ Հարությունյանի նախարարությունում. ՀՀ ԿԳՄՍՆ աշխատակիցները, այդ թվում՝ բարձրաստիճանները, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին պարգևավճար չեն ստացել։ Բոլոր աշխատակիցների սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների պարգևավճարների ֆոնդը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գրավոր պատասխանել է, որ նախարարության՝ նշված պաշտոնյաները սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար պարգևավճար չեն ստացել:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ևս որոշել են թաքցնել ամեն ինչ և, հետևելով առողջապահության և բարձր տեխնոլոգիական նախարարության օրինակին, մատնացույց են անում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում տեղադրվելիք տարեկան հայտարարագրերը: Վերստին փաստենք` նախարարությունը հազիվ թե թաքցներ պարգևատրում չստանալու` իր «նվիրական» քայլը, և նման խուսափողական պատասխանը ոչ այլ ինչ է, եթե ոչ պարգևավճարները հանրությունից առժամանակ թաքցնելու հնարք:
ՀՀ ֆինանսների նախարարությունը ևս չի տրամադրել պարգևավճարների մասին պահանջված տեղեկատվությունը՝ ցիտելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքից և ՀՀ Աշխատանքային օրենսգրքից մի շարք երկարաշունչ հոդվածներ: Իսկ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը ցիտելով՝ նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել եկամուտների մասին հրապարակվելիք հայտարարագրերին: Կրկին փաստենք՝ պարգևավճար չստանալու դեպքում այդ քայլը գովազդելու ավելի լավ միջոց, քան լրատվամիջոցներով հանրայնացնելը, դժվար է մատնանշել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս իր պատասխանը պատճենել է առողջապահության նախարարությունից՝ առաջարկելով հետևել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (հիշեցնենք՝ խոսքը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին է) կայքէջին:
ՀՀ արդարադատության նախարարությունը ևս առաջին տեղերում է իր «յալանչիական» պահվածքով. հարցումն ուղարկել էինք նոյեմբերի 4-ին, պատասխանը ստացանք մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 11-ին: Պատասխանում նշված էր, որ այդ «դժվարին» աշխատանքը նախարարությունն ի վիճակի է իրականացնել և պատասխանել 30-օրյա ժամկետում: Ուղիղ մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 4-ին, չստանալով որևէ պատասխան, զանգահարեցինք կատարող մասնագետին, և, ո՜վ զարմանք, նա մեզ փորձում էր հավատացնել, որ 30-օրյա ժամկետն սկսվում է ոչ թե մեր գրությունը ստանալու օրից (նոյեմբերի 4), այլ նախարարության պատասխանը 30-օրյա ժամկետում տրամադրելու մասին ընթացիկ նամակը մեզ ուղարկելու օրվանից (նոյեմբերի 11): Թեև մեզ խոստացան պատասխանը շուտով տրամադրել, այդուհանդերձ, ենթադրելի է՝ այսպիսի մանկական դատողության, տոտալ փնթիության պայմաններում օրենք խախտող նախարարությունում հազիվ թե հրաժարված լինեն պարգևավճարներից:
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հոկտեմբեր ամսին պարգևավճար չեն ստացել ո՛չ աշխատողները, ո՛չ ղեկավար կազմը, իսկ սեպտեմբեր ամսին պարգևավճար կիրառվել է մինչ ՀՀ-ում ռազմական դրության հայտարարումը: Իսկ սեպտեմբեր ամսվա համար ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, նրա տեղակալները, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականները և խորհրդականները, ՀՀ վարչապետի օգնականները, ՀՀ փոխվարչապետերի գրասենյակների ղեկավարներն ու մամուլի քարտուղարները, ՀՀ փոխվարչապետերի խորհրդականներն ու օգնականները միասին ստացել են 8,975,188 դրամ պարգևավճար:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ևս չի տրամադրել պարգևավճարների մասին պահանջված տեղեկատվությունը`պատասխան նամակի բովանդակությունը տառացիորեն պատճենելով ֆինանսների նախարարությունից:
Ամփոփելով՝ փաստենք հետևյալը.
Վահե Սարգսյան