Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընդդիմադիր 17 քաղաքական ուժերի ձևավորած՝ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն Հայաստանի առաջին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար ու Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շարժման Խորհրդի նիստից հետո։
«Հայրենիքի փրկության շարժումը» ձևավորել է իր Խորհուրդը։ Խորհրդի նախագահն է Վազգեն Մանուկյանը, համակարգողն է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներակայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Խորհրդի անդամներն են եռակողմ հայտարարության դեմ արտահայտված 17 քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաև ևս 15 մտավորականներ, հասարակական գործիչներ, որոնք վայելում են հանրության վստահությունը։
Քննարկել են նաև ճանապարհային քարտեզն ու անցումային կամ հակաճգնաժամային ծրագրերը։
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ հաջորդ ընտրություններին Վազգեն Մանուկյանը չի առաջադրվելու, նա մինչ այդ գլխավորելու է ազգային համաձայնության անցումային կառավարությունը։
Վազգեն Միքայելի Մանուկյանը 74 տարեկան է։
Նա Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետն է, ՀՀ պաշտպանության նախկին նախարարը Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1992-1993 թվականներին:
1988 թվականի փետրվարից «Ղարաբաղ» կոմիտեի համահիմնադիրն է և կոմիտեի անդամ, 1988 թվականի հունիսից` «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը: 1988թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվել է, 6 ամիս անցկացրել Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» բանտում: Եղել է «Հայոց համազգային շարժում» կուսակցության համահիմնադիր և վարչության առաջին նախագահ: 1990-1995 թվականներին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1995-2007 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: 1990-1991 թվականներին՝ ՀՀ վարչապետ: 1991 թվականի սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից: 1991 թվականի շարժման ակտիվ մասնակիցների և համախոհների հետ նախաձեռնել է Ազգային Ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության հիմնադրումը: 1991 թվականից ԱԺՄ կուսակցության վարչության նախագահ: 1992 թվականի սեպտեմբերին նշանակվել է ՀՀ պետնախարար, այսուհետև պաշտպանության նախարար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը: Վազգեն Մանուկյանի օրոք ձևավորվել է կանոնավոր հայկական բանակը, փոխվել պատերազմի ընթացքը, և երբ հայկական կողմն անընդմեջ հաղթանակ էր տանում, 1993 թվականի օգոստոսին ազատվել է պաշտոնից: 2009 թվականի մարտից 2019 թվականի դեկտեմբեր ՀՀ Հանրային խորհրդի նախագահն էր: 2019 թվականից՝ «Վերնատուն» հասարակական քաղաքական ակումբի նախագահ: