Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանության Ստեփանավանի բաժնում օրերս տեղեկություններ են ստացվել այն մասին, որ երկու երիտասարդ կապույտ գույնի «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի տարբեր հատվածներում տեղադրել են թմրամիջոցներ և բջջային հեռախոսով նկարել են տեղադրման վայրերը՝ հետագայում համացանցով վաճառելու համար։
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ոստիկանության ծառայողների կողմից նույն օրը նշված անձինք ավտոմեքենայով հայտնաբերվել են Ստեփանավան քաղաքի «Ձորագետի կիրճ» կոչվող տեղանքում և տեղափոխվել ոստիկանության բաժին։ Պարզվել է, որ վերջիններս Երևան քաղաքի 29 և 37 տարեկան բնակիչներ են։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշված տղամարդիկ առերևույթ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են։
Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված անձինք նախնական համաձայնությամբ, «Տելեգրամ» հավելվածում գրանցված համապատասխան կայքէջի օգտատիրոջ կողմից նախօրոք ուղարկված Արտաշատ քաղաքի վարչական տարածքում գտնվող տեղակայման վայրից, 2024 թ․ փետրվարի 24-25-ին, քննությամբ դեռևս չպարզված անձից, իրացման նպատակով ապօրինի ձեռք են բերել ընդհանուր 19,42 գրամ քաշով 34 առանձին սև և սպիտակ փաթեթներում փաթեթավորված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որոնք փետրվարի 29-ին ավտոմեքենայով տեղափոխել են Լոռու մարզ։ Հետագայում վարձատրություն ստանալու նպատակով առանձնացված փաթեթները նրանք տեղադրել են Ալավերդի, Ստեփանավան քաղաքների տարբեր վայրերում, որոնք հայտնաբերվել և վերցվել են համապատասխան քննչական գործողության արդյունքում։
Դատարանի որոշման հիման վրա խուզարկություն է կատարվել նաև «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայում, որտեղ հայտնաբերվել և վերցվել են ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված ընդհանուր շուրջ 498.11 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներով 385 փաթեթ, ինչպես նաև ապակյա սրվակներով հեղուկներ, մետաղյա տարաներ, որոնց մեջ առկա են եղել կասկածելի փոշենման զանգվածներ։ Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերված զանգվածների պարունակությունը պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նշված երկու երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: