կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-23 20:37
Հասարակություն

Քաղաքացիներին հորդորում ենք հանցավոր ոտնձգություններից խուսափելու համար գաղտնաբառը չպահել բանկային քարտի հետ. ոստիկանություն

Նոյեմբերի 18-ի երեկոյան ոստիկանության Կապանի բաժնում Քաջարան քաղաքի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ պայմաններում կորցրած իր բանկային քարտից, որի հետ եղել էր նաև գաղտնաբառը, կանխիկացրել են 99.000 դրամ:

Հետաքննություն իրականացնող մարմինը գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց: Ոստիկանները նախ ճշտեցին, թե բանկի որ մասնաճյուղից էր կանխիկացվել գումարը, ապա կանխիկացնողի արտաքին տվյալների մասին մոտավոր պատկերացում կազմելուց հետո պարզեցին նաև կասկածյալի ինքնությունը:

Ձեռք բերված տվյալների համաձայն` գողությունը կատարել էր Կապանի 41-ամյա մի բնակիչ: Նոյեմբերի 20-ին նա բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին և խոստովանեց կատարածը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ բանկային քարտը հայտնաբերելու ուղղությամբ:

Հետաքննությունը շարունակվում է: Քաղաքացիներին հորդորում ենք նման հանցավոր ոտնձգություններից խուսափելու համար գաղտնաբառը չպահել բանկային քարտի հետ: