Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի՞նչ և ո՞ւմ հետ են բանակցել ԲՀԿ պատգամավորները Ռուսաստանում Ղարաբաղի հարցով հանդիպումների ժամանակ. ըստ Yerkir.am-ի՝ հետաքրքրվեցին լրագրողները ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից։
«Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը ժամանակահատվածում ԲՀԿ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը եւ Նաիրա Զոհրաբյանը եղել են Մոսկվայում։ Ինչպես գիտեք, ավելի վաղ տեղի էր ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որտեղ, Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով, հրատապ այց կազմակերպելու հանձնառություն էր իջեցվել: Այցի շրջանակների քննարկումների հետ կապված շատ չակերտներ այս պահին չեմ բացելու, սակայն այն, ինչ իրավասու եմ ձեզ փոխանցել, կասեմ. այցի շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի, ինչպես նաեւ Պետդումայում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ: Բնականաբար, քննարկումների առանցքում եղել են Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունները»,- պատասխանեց Իվետա Տոնոյանը:
ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն արդեն երկրորդ անգամ երկրի ղեկավարից հանդիպում-նիստ են պահանջում՝ Արցախի շուրջ զարգացումների մասին առաջին ձեռքից տեղեկանալու համար։ Առաջինը հոկտեմբերի 27-ին էր, երբ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դիմել էին վարչապետին՝ առաջարկով հրավիրել Անվտանգության խորհրդի հրատապ նիստ, որովհետև արդեն այդ ժամանակ կային բազմաթիվ կուտակված հարցեր, որոնց պատասխանելու իրավասությունը բացառապես ԱԽ անդամներինն էր, սակայն այդ առաջարկը մերժվեց:
«Իշխանության ներկայացուցիչները սահմանափակվեցին վարչապետի մամուլի խոսնակի այն հայտարարությամբ, թե օրեր առաջ այդ ձևաչափով հանդիպում արդեն իսկ կայացել է: Սա ինձ համար տարօրինակ ձևակերպում է, որովհետև ռազմական դրության պայմաններում, երբ յուրաքանչյուր պահի սահմանին իրավիճակ է փոխվում, կարծում եմ՝ եթե ԱԺ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները գտնում են այդ անհրաժեշտությունն ու հրամայականը, ապա հարկ է, որ դրան որոշակի արձագանք լիներ»,- ասաց Տոնոյանը:
Անցել է երկու շաբաթ, այդ հարցերի պատասխանները չեն ստացվել, դրանց նոր հարցեր են գումարվել: ԱԺ ընդդիմադիր ուժերն այսօր առավել քան անհրաժեշտ հրամայական են տեսնում վարչապետի հետ հրատապ հանդիպելու, նշեց ԲՀԿ պատգամավորը։ Վարչապետից, սակայն, որևէ արձագանք առայժմ չունեն:
Իվետա Տոնոյանն ասաց՝ որևէ մեկի համար կասկած չկա, որ 100 տոկոսանոց տեղեկատվությանը տիրապետում են բացառապես իշխանությունները, վարչապետը, ԱԽ անդամները. «Այս դեպքում ԱԺ-ում ներկայացված երկու ընդդիմադիր ուժերը առավել քան իրավասու են ունենալ ցանկություն տիրապետելու ինֆորմացիայի, որը կապված է Արցախի և Հայաստանի սահմանների անվտանգության հետ»:
Լուրեր կան, որ իշխող ուժը ռազմական դրության կանոնների խախտումները քրեականացնող օրինագիծ է պատրաստվում օրակարգ բերել։ Իվետա Տոնոյանն ասաց, որ իրենք այդ նախագիծը դեռ չենք ստացել և չենք քննարկել: Նրա անձնական կարծիքով՝ բացարձակ անընդունելի է խոսքի ազատությունը սահմանափակող ցանկացած դրսևորում։
«Կարծում եմ, որ թե՛ լրատվամիջոցները, թե՛ քաղաքացիները ունեն բավական չափով պետականամետ գիտակցություն, որ ռազմական դրության պայմաններում հանդես չգան այնպիսի գործողություններով կամ գործիքակազմով, որը կարող է վնասել պետությանը: Սա իմ անձնական դիրքորոշումն է, մենք խմբակցությունում օրինագծի հետ կապված հարց դեռ չենք քննարկել»,- ասաց Իվետա Տոնոյանը: