Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը պատրաստ է շարունակել գործնական քայլերը Անկախ պետությունների համագործակցության կազմակերպության շրջանակներում փոխշահավետ համագործակցության հեռանկարային ուղղությունների ընդլայնման բարենպաստ պայմանների ձևավորման գործում: Այս մասին ընդգծել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցելով ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:
«Ինչպես հայտնի է, համաշխարհային մասշտաբով յուրաքանչյուր տնտեսական անկայունություն խթան է նոր մոտեցումների, նորամուծությունների և գիտական նվաճումների կապիտալիզացիայի համար: Եվ այս առումով մենք առանձնահատուկ կարևորում ենք ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցությունը նորարարական, կրթական, տեղեկատվական և այլ ոլորտներում: Հայկական կողմը իր պատրաստակամությունն է հայտնում խորացնելու համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների զարգացման ծրագրերի շրջանակներում՝ հաշվի առնելով, որ մեր երկրում թվայնացումը, նորարարությունը և տեխնոլոգիաների զարգացումը գերակա ուղղություններ են:
Այս համատեքստում հայկական կողմը կարևորում է մինչև 2030թ. ԱՊՀ մասնակից պետությունների նորարարական համագործակցության միջպետական ծրագրի ընդունումն ու թվային զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:
Հայկական կողմը աջակցում է նաև նիստին առաջարկվող փաստաթղթերի ընդունմանը, որոնք կարգավորում են և ուղղված են տարբեր ոլորտներում շահագրգիռ փոխգործակցության արդեն առկա մեխանիզմների կատարելագործմանը, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման և զարգացման ոլորտում, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման, ինչպես նաև ԱՊՀ պետությունների տարածքներում միջազգային փոխադրումների անվտանգության ապահովման ուղղությամբ:
Առաջիկա երկու տարվա համար հումանիտար ոլորտում համագործակցության առաջնահերթ միջոցառումների ծրագրի ընդունումը մենք ընկալում ենք որպես հումանիտար ոլորտում կապերի ամրապնդման և շփումների ընդլայնման հերթական քայլ:
Մեծապես կարևորում ենք տնտեսության և միջպետական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված Տնտեսական զարգացման ռազմավարության առաջին հնգամյակի իրականացման միջոցառումների ծրագրի ընդունումը, որն ընդգրկում է նաև ԱՊՀ երկրների տնտեսությունների համար համավարակի բացասական հետևանքները նվազագույնին հասցնելու միջոցառումներ:
Համապատասխանաբար, մենք հատուկ կարևորում ենք համագործակցությանը՝ առողջապահության, բնակչության առողջության պահպանման, վերականգնման ու բարելավման ոլորտում և սանիտարահամաճարակային բարեկեցության ապահովման, բժշկության ոլորտում միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման ուղղություններով:
Ամփոփելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտնել մեր պատրաստակամությունը ԱՊՀ երկրների հետ համատեղ ներդաշնակեցնելու համավարակի դեմ պայքարում մեր ջանքերը և բարձրացնելու դրա արդյունավետությունը»,- ասել է ՀՀ փոխվարչապետը:
Նա նշել է, որ ԱՊՀ հիմնական նպատակը շարունակում է մնալ տնտեսության ոլորտում, հումանիտար բնագավառում, անվտանգության և քաղաքական փոխգործակցության ոլորտներում միջպետական համագործակցության հետագա զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովումը: Հայաստանը ողջունում է նշված ոլորտներում փոխգործակցության և համագործակցության նախաձեռնությունները և պատրաստ է աջակցելու ընդունվող որոշումների արդյունավետ իրականացմանը: «Վստահ եմ, որ առկա պայմանավորվածությունները կոնկրետ բովանդակությամբ լրացնելու մեր հետագա ջանքերը կբարձրացնեն կազմակերպության շրջանակներում մեր երկրների բազմակողմ փոխգործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու գործում ԱՊՀ իրական ներդրումը»,-ընդգծել է նա: