Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դիրքերում ծառ ջրող հայտնի լուսանկարի տղան Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է. Կարո Պողոսյանը ծանր մարտերից մեկում վիրավորվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Ալեքս Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դիրքերում ծառի փոքրիկ շյուղ ջրող զինծառայողի լուսանկարը, որը տարածվեց համացանցով, այս օրերին արժանացել է բազմաթիվ դրական արձագանքների, հազարավոր օգտատերեր այն տեղադրեցին իրենց էջերում ու համարեցին մերօրյա պատերազմի խորհրդանշական լուսանկարներից մեկը: ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող 26-ամյա Կարո Պողոսյանը Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղից է։ Նա այժմ վիրավոր է և գտնվում է այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այդ մասին հայտնեց Կարոյի մայրը՝ Շողիկ Սողոյանը։
«Տղաս արդեն 17 օր է վերակենդանացման բաժանմունքում է: Ուներ բազմաթիվ կոտրվածքներ, Արցախից սկզբում տեղափոխել էին Աստղիկ բժշկական կենտրոն, որտեղ վիրահատել էին,հետո տեղափոխել այրվածքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Մեր հերոս բժիշկների շնորհիվ է միայն, որ հիմա Կարոս ապաքինվում է »,-ասում է տիկին Շողիկը:
Կարոն առաջնագծում է եղել հենց սեպտեմբերի 27-ից։ Հոկտեմբերի 19-ին դիրքերից վերադառնալիս իրենց մեքենան ռմբակոծել են, Կարոն հրաշքով է փրկվել:
«Տղաս հրաշքով է փրկվել, անկեղծ ասած հետը դեռ չեմ էլ կարողացել խոսել ու հասկանալ ոնց է դեպքը տեղի ունեցել: Իր հետ նույն մեքենայում է եղել նաև հորաքրոջ տղան` Աշոցքից, ով մահացել է, բայց ինքը ոչ մի բանից տեղյակ չէ, անգամ չգիտի մյուս զինակից ընկերների մահվան մասին: Սարսափելի դեպք էր, ես այդ օրը անհանգիստ էի, մենք դեպքի մասին իմացել ենք հոկտեմբերի 20-ի երեկոյան ու շտապ հասել ենք Երևան»,- հուզված պատմում էր Կարո Պողոսյանի մայրը:
Կարոն ընտանիքի միակ արու զավակն է, ունի երեք ավագ քույրեր: Ինքն է ցանկացել ծառայության անցնել սահմանապահ զորքերում, շատ է սիրում զինվորականի գործը, արդեն հինգ տարի է սահմանապահ զորքերում է ծառայում:
Որ նրա լուսանկարը միանգամից տարածում կստանար համացանցում, չէին էլ մտածում: Այն դեպքից հետո հրապարակել է Կարոյի զինակից ընկերներից մեկը, տիկին Շողիկի համար իր տղայի նկարը համացանցում տեսնելը անսպասելի է եղել:
«Պատահական տեսա, համ լացել եմ, համ ուրախացել, որ իմ բալես փրկվեց էդ պայթյունից: Ինչքան գիտեմ իր ընկերներն են լուսանկարել, հենց մարտական գործողությունների ժամանակ է եղել դիրքերում: Երևի խորհրդանշական լուսանկար եղավ իմ տղայիս համար: Էն փոքրիկ ճյուղը, որն ինքը ջրում է այդ չորացած հողում ու կյանք տալիս, հիմա իր նոր կյանքի սկիզբը դարձավ, երեխաս նորից ծվեց, ինչպես այդ փոշու մեջ ապրել ցանկացող բարակ ծառի շյուղը»,- հուզված պատմում է տիկին Շողիկը:
Որ հայտնի լուսանկարի տղան իրենց կենտրոնում բուժում ստացող զինվորականն է, գիտեն նաև բուժհաստատության բոլոր բժիշկներն ու բուժքույրերը, ճանաչել էին հերոս տղային:
«Բոլորն էլ գիտեն, որ Կարոն է այդ լուսանկարում: Այսօր խնդրեցինք բժշկին,որ իր հեռախոսը մոտեցնի տղայիս հետ խոսենք: Աղջիկս նկարի համար պատմեց Կարոյին, որ միանգամից լայն տարածում է ստացել ու շատ դրական մեկնաբանություններ են գրել մեր ժողովուրդը: Կարոս լսեց ու ասեց, թե էս այրվածքներիս ու ցավերիս մեջ նկարի ու մեկնաբանությունների ժամանակն եք գտել տնաշեններ: Հետո ժպտաց ու ասեց, որ ամեն ինչ լավ է լինելու, միևնույն է հաղթելու ենք»,- ասում է Շողիկ Սողոյանը:
Կարո Պողոսյանը դեռ բուժման երկարատև կուրս է անցնելու, ապաքինվելուց հետո կվերադառնա տուն: Ըստ մայրիկի, հավանաբար ծառայությունը կշարունակի, եթե առողջական վիճակը թույլ տա»: