Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանցիների տարածած տեսանյութեր կան, թե ինչպես են անարգում մեր զինծառայողներին. մենք իրականացնում ենք ադրբեջաներենից թարգմանությունը, համապատասխան ենթագրերով ներբեռնում ենք, դրանից բացի ես ուղեկցող նամակում մեկնաբանություն եմ տալիս, մատնանշում ենք խախտումները եւ դրանով կոնկրետ ցույց ենք տալիս միջազգային կոնվենցիոն այն դրույթը, որին դա հակասում է: Մեր նպատակն է ցույց տալ դա որպես պատերազմական հանցագործություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ այդ նամակներն իրենք անհատապես ուղարկում են ԵԽԽՎ բոլոր պատգամավորներին, ԵԱՀԿ ԽՎ պատգամավորներին, Եվրախորհրդարանի պատգամավորներին, հայտնի լրատվամիջոցների աշխատակազմերին, միջազգային կառույցներին, նաեւ բոլոր դեսպանություններին, որոնք կան Հայաստանում:
Անդրադառնալով դեպքին, երբ ադրբեջանցիները կտրել էին հայ գերու գլուխը, ապա զանգել եղբորը ու տեղեկացրել, որ հիմա տեսանյութը տարածելու են համացանցում, Թաթոյանն ասաց. «Նրանք դա տեղադրում են համացանցում ու սկսվում է խրախճանք: Գովերգում են, հերոս են ներկայանում, թվացյալ ինքնահաստատվում են: Մի բան է, որ դու քո միջազգային գործընկերներին ցույց տաս արարքի ծանրությունը, մեկ այլ բան է ցույց տաս, թե ինչ ցինիզմով է դա կատարվում: Հետո նրանք հետադարձով պատրաստում են տեսանյութեր եւ ուղարկում են արդեն հայկական էջերին եւ դրանով եւս մեկ անգամ արժանանում են հերոսության:
Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրությանը ներկայացնում են, թե հետագայում խաղաղ կապրեն հայերի հետ: Բայց մենք տեսնում ենք, թե որքան շատ է ատելությունը, այդ հողի վրա կատարվող հանցագործությունները: Մենք արձանագրել ենք իրենց բառերը ներքին լսարանի համար ուղղված, այդ թվում թուրքերով, դա ցույց ենք տալիս միջազգային հանրությանը, որ այն ինչ ասվում է միջազգային հանրության համար, ընդամենը պատրանք է, որովհետեւ եթե անգամ մեկ ժամ էթնիկ հայը հայտնվի մեկ տանիքի տակ իրենց հետ, դրանից հետո անմտություն է խոսել կյանքի իրավունքից, առողջության իրավունքից»: