|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչիին:
Վարչապետը ողջունել է պարոն Արաղչիին Երեւանում: Զրույցի ընթացքում նա ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ բարեկամական հարաբերությունները եւ իր ողջունները հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին, նախագահ Հասան Ռոհանիին եւ Իրանի բարեկամ կառավարությանը:
Իրանի ԱԳ փոխնախարարն իր հերթին վարչապետին է փոխանցել Իրանի նախագահի ջերմ ողջույններն ու խաղաղության բարեմաղթանքները: Ընդգծվել է Իրանի համար Հայաստանի հետ ամուր բարեկամական կապերի կարեւորությունը: Նա ներկայացրել է Իրանի մոտեցումները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ՝ խոր մտահոգություն արտահայտելով շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ:
Պարոն Արաղչին իր ցավակցությունն է հայտնել խաղաղ բնակիչների շրջանում զոհերի կապակցությամբ եւ դատապարտելի համարել քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակավայրերի թիրախավորումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: Երկուստեք անհանգստություն է արտահայտվել ռազմական գործողություններում Մերձավոր Արեւելքից միջազգային ահաբեկիչների մասնակցության կապակցությամբ՝ դիտարկելով այն որպես ընդլայնման ներուժ պարունակող վտանգ, որը սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանը:
Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Իրանի հավասարակշռված եւ կառուցողական մոտեցումը տարածաշրջանային խնդիրների նկատմամբ: