Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարցազրույց արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին հյուպատոս Վարդան Հակոբյանի հետ:
- Պարոն Հակոբյան, երկու շաբաթից ավելի է՝ պատերազմը շարունակվում է, ինչո՞ւ չի ստացվում այն կանգնեցնել, ի՞նչը հանգեցրեց նրան, որ մինչ այժմ դեռ լարվածությունը շարունակվում է։
- Գիտե՞ք, ինչ-որ բաներ կան հաշվի առնելու, որ ես չեմ կարող այդպես բացահայտ ինչ-որ բաներ ասել։ Իսկ թե ինչու է մինչ օրս ձգվում, դա պետք է զինվորականներին հարցնել։ Իսկ քաղաքական տեսանկյունից հայտնի է, բոլորն էլ ասում են, որ Ալիեւին պետք է ինչ-որ մի հաջողություն, ինչ-որ մի բան ցույց տալ, որ նոր կարողանա հետո բանակցությունների ժամանակ իր դիրքորոշումները ներկայացնել։ Բայց ելնելով նրանից, որ, ըստ էության, լուրջ հաջողություն չունի, հաջողությունն այն է, որ հեռվից ռմբակոծում է, բայց իրական իրավիճակի արմատական փոփոխություն այսօր չկա։ Իսկ ինքն իրեն դրել է շատ նեղ վիճակի մեջ, ինչ-որ տեղ, կարելի է ասել՝ անելանելի։ Եթե հաջողության է հասնում, ինքն արդեն ընկնում է թուրքական քաղաքականության հունի մեջ՝ հակադրության մեջ մտնելով ռուսների եւ իրանցիների հետ, եթե հաջողության չի հասնում, իր ներքին իրավիճակն է բարդանում։ Այսինքն՝ պետք է պատասխան տա իր ներքին լսարանին, վերջին հաշվով՝ այդքան զոհեր, ծախս եւ այլն, բայց, ըստ էության, ոչնչի չի հասել։
– Դուք համաձա՞յն եք, որ Ադրբեջանի կողմից այս պատերազմն ամբողջությամբ Թուրքիան է ղեկավարում՝ փորձելով իրականացնել իր էքսպանսիոնիստական նկրտումները Հայաստանի եւ հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ։
– Ես դա արդեն երկու տարուց ավելի է՝ ասում եմ։ Այսինքն, երբ հետեւում ես, թե ինչով է զբաղված Ադրբեջանը վերջին մի քանի տարում Թուրքիայի հետ, եւ միայն ես չէ, բոլորն էլ հասկանում էին, թե ինչ է տեղի ունենում։ Այսինքն՝ Թուրքիան, իր հնարավորություններն օգտագործելով, փորձում էր ներգրավվել մերձավորարեւելյան քաղաքականության մեջ։ Եվ մենք երկու-երեք տարի առաջ զգուշացնում էինք, որ սա գալու է հասնի Հարավային Կովկաս։
– Սա հնարավո՞ր է հանգեցնի ռուս-թուրքական առճակատման կամ պատերազմի։
– Ես չեմ կարծում, որ կհասնի՝ հիմա, համենայնդեպս, բայց դա կարող է տանել դրան, եթե նրանք շարունակեն։ Էստեղ բազմաշերտ է իրավիճակը, էս հանգույցը՝ Մերձավոր Արեւելքի, շատ խճճված է։ Էստեղ գնում է ընդհանուր ՆԱՏՕ-ի կամ Միացյալ Նահանգների քաղաքական շարժումը, նրա նպատակները, որոնք հիմնականում ընթանում են երկու ուղղությամբ՝ մի կողմից չեզոքացնել Իրանին, շրջապատել, ու արդեն, փաստորեն, շրջապատված է Իրանը։ Էստեղ միանում է Իսրայելը, մյուս կողմից՝ տակից շրջապատել Ռուսաստանը։ Էստեղ միանում է էլի Թուրքիան, եւ արդեն կարող է եւ Ադրբեջանը միանալ։ Այստեղ բարդ խնդրի առջեւ են կանգնում նաեւ ռուսները՝ Ադրբեջանի հարցով։ Եթե Ադրբեջանը շարունակում է Թուրքիայի հետ նույն ճանապարհով գնալ, ստացվում է՝ Ռուսաստանը կտրվում է Հարավային Կովկասից եւ Իրանից՝ իր բոլոր հետեւանքներով։ Եթե չի կարողանում պահել իր քաղաքականության ծիրի մեջ Ադրբեջանին, վերջինս կարող է՝ թեկուզ ներքին խժդժումով եւ Ալիեւի հեռանալուց հետո, Վրաստանի նման, ձգտել դեպի ՆԱՏՕ։
– Այս պահին հայ հասարակության հայացքը հառած է դեպի Ռուսաստանը, որ վերջինս միջամտի, եւ այս պատերազմին վերջ տրվի։ Որքանո՞վ է սա տրամաբանական, որ մենք նրանցից միջամտություն ենք սպասում, եւ որքանո՞վ է հավանական այդ միջամտությունը ու ի՞նչ տեսքով պետք է լինի։
– Գիտե՞ք, ես ուրիշ տրամաբանություն չեմ տեսնում։ Այս ամբողջ տարածաշրջանով մեկ՝ մենք ունենք մեկ դաշնակից, եթե կա ուրիշ մեկը, նշեք։ Մի կողմից Վրաստանն է, որ ՆԱՏՕ-ով է տարված, մյուս կողմից Թուրքիան եւ Ադրբեջանն են, մեկ այլ կողմից էլ Իրանն է, որի հետ, ճիշտն ասած, վերջին 15 տարում առանձնակի առաջխաղացում՝ քաղաքական դաշտում, չի եղել։ Մենք չենք կարող ասել, որ Իրանը մեր դաշնակիցն է։ Մնում է միակը՝ Ռուսաստանը։ Այսինքն՝ էստեղ ոչ թե խնդրելու հարց է, այլ էստեղ քաղաքական գծի հարց է։ Եթե մենք դա ընտրել ենք ժամանակին եւ հասկացել ենք, որ մեր շահերն այս հարցում համապատասխանում են ռուսական շահերի հետ, եւ պնդում ենք, որ Ռուսաստանը՝ որպես մեր դաշնակից, երաշխավոր է մեր անվտանգության համար, էստեղ երկու կարծիք չի լինի։ Կամ մենք ընդունում ենք, որ իրենք մեր դաշնակիցն են, եւ խոսում ենք ոչ թե խնդրողի, լացողի դիրքում, այլ՝ դաշնակցի, Ռուսաստանը պահանջում է էդ տեսակի հարաբերություններ։ Այսինքն՝ 2 տարի ոչ թե պետք էր Ռուսաստանին այս կամ այն ձեւով կպնել, ինչ-որ բաներ անել, այլ նորմալ աշխատել հետները՝ որպես դաշնակցի։
– Ռուս վերլուծաբաններն ասում են՝ թող Հայաստանը դիմի, որ Ռուսաստանը միջամտի։ Նախ, ՌԴ-ն հիմա միջամտո՞ւմ է, թե՞ ոչ, եւ ինչպե՞ս եք պատկերացնում այդ միջամտությունը։
– Ռուսաստանն արդեն միջամտում է՝ դիվանագիտական մակարդակի վրա, եւ շատ լավ հասկանում է, որ եթե թողնեն, որ այս պրոցեսները խորանան, ինքը հետագայում հայտնվելու է շատ ավելի ծանր վիճակում։ Այսինքն՝ էստեղ Ռուսաստանը գիտի եւ գիտակցում է իր աշխարհաքաղաքական շահերը։ Նա շատ լավ գիտի, որ եթե Արցախի եւ Հայաստանի խնդիրը դուրս գա վերահսկողությունից եւ անցնի թուրքերի ձեռքը, ինքը կկորցնի ամբողջ տարածաշրջանը։ Ուստի ինքը չի կարող այդ շահերը հաշվի չառնել։
– Ի վերջո, լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում, մենք ունենք մարդկային լուրջ կորուստներ, տարածքային մասով դեռ անհայտ է, թե ինչ իրավիճակ է։ Հիմա այս խնդիրը պետք է լուծվի բացառապես ռազմակա՞ն ճանապարհով, թե՞ պետք է նորից նստենք բանակցությունների սեղանի շուրջ եւ տարածքների հարց քննարկենք։
– Տեսեք, մենք բավականին լավ դիմադրում ենք այդ հարձակմանը, մարդիկ հերոսաբար կռվում են, ազգն ամբողջությամբ միավորվել է, սեւեր-սպիտակներ, հներ-նորեր չկան։ Հիմա այս վիճակում միակ բանը, որ մի քիչ անհասկանալի է, դրա համար էլ Դուք այդ հարցը տալիս եք, մեր քաղաքականությունն է։ Այսինքն՝ սահմանին կանգնած զինվորը, բացի նրանից, որ կռվում է թշնամու դեմ, պիտի հասկանա, թե որն է մեր երկրի քաղաքականությունը, պիտի իմանա, թե որն է մեր վերաբերմունքն իր դաշնակցի նկատմամբ։ Այսինքն՝ նա պե՞տք է հավատա, որ դաշնակից ունի, թե՞ տեսնում է, որ միայն Ադրբեջանը դաշնակից ունի եւ մշտապես Թուրքիայից եւ Իսրայելից զենք է ստանում։ Նա պետք է հասկանա՝ միջազգային հարաբերություններում, վերջին հաշվով, մենք ինչ կողմնորոշում ունենք։ Եթե մենք ուզում ենք գնալ արեւմտյան ուղղությամբ՝ ՆԱՏՕ եւ այլն, հստակ դա պետք է ասել, ինչպես Սահակաշվիլին ասաց, եւ դեպի Արեւմուտք նրա ընթացքն արժեցավ Աբխազիա եւ Օսեթիա, բայց հստակ ասաց իր դիրքորոշումը։ Կամ պետք է հայտարարվի ռուսական ուղղությամբ մեր գնալու մասին։ Բայց ես՝ որպես քաղաքագետ, չեմ տեսնում այդ հստակությունը։ Կարող են ասել՝ Պուտինն էսպես, Ռուսաստանի դերը եւ այլն, բայց, գիտե՞ք, դա պետք է լինի հստակ քաղաքական դիրքորոշում, եւ մենք այսօր՝ այս պատերազմական վիճակում, պետք է իմանանք, թե ով է մեր դաշնակիցը, մենք ումից ենք սպասում օգնություն եւ այլն։
Վահե Մակարյան
hraparak.am