կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-13 19:29
Քաղաքական

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց ԱլԳ ավագ պաշտոնյաների հանդիպմանը

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց ԱլԳ ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Հոկտեմբերի 13-ին հեռավար կարգով տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի ղեկավարած պատվիրակությունը։  

Հանդես գալով ելույթով՝ Ավետ Ադոնցը նախ արձանագրեց, որ Հայաստանը մշտապես շեշտել է Արևելյան գործընկերության կարևորությունը և այն ավելի արժեքահեն ու համագործակցային դարձնելու իր ձգտումը: Այդ նպատակով Հայաստանը ներկայացրել է ԱլԳ հետ-2020 օրակարգի վերաբերյալ իր առաջնահերթություններն ու առաջարկները:

Նախարարի տեղակալը շարունակեց՝ նշելով, որ այսօր, սակայն, նա հնարավոր չի համարում Արևելյան գործընկերության ապագան քննարկելը, քանզի այն ապագա չունի, քանի դեռ դրա հիմքում ընկած արժեքներն ու նպատակները կոպտորեն ոտնահարվում են ԱլԳ անդամ երկրներից մեկի՝ Ադրբեջանի կողմից, որը Թուրքիայի ուղիղ աջակցությամբ և Թուրքիայի կողմից բերված օտարերկրյա ահաբեկիչների մասնակցությամբ արդեն 16 օր է, ինչ շարունակում է Արցախի և Հայաստանի դեմ բացահայտ ագրեսիան՝ ռմբակոծելով և գնդակոծելով խաղաղ բնակչությունը և կենսական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ կասետային և միջազգայնորեն արգելված այլ զինատեսակների օգտագործմամբ:

Ավետ Ադոնցն ընդգծեց, որ Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի հիմքում ընկած սկզբունքները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, տարբեր երկրների առաջնորդների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների, այդ թվում՝ Եվրոպական միության, և Եվրոպական խորհրդարանի անդամների բազմաթիվ կոչերը:

Նա շեշտեց, որ «COVID-19» համավարակի պայմաններում իրականացվող ադրբեջանական ագրեսիան բացահայտորեն հրահրված է Թուրքիայի կողմից, որը հնարավոր բոլոր միջոցներով աջակցում է Ադրբեջանին՝ այդ թվում տրամադրելով իր զինտեխնիկայի զգալի մասը՝ ներառյալ «F-16» ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ և այլն, ինչպես նաև իր զինվորականներին։ Թուրքիան նպատակադրվել է իրականացնել հայ ժողովրդի ևս մեկ ցեղասպանություն, ինչը նրա ծավալապաշտական նկրտումների և Օսմանյան կայսրության վերակենդանացման ծրագրի մի մասն է։

ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ տարածաշրջանին սպառնող հումանիտար ճգնաժամի պայմաններում Արցախի ժողովրդի գոյաբանական սպառնալիքը կարող է կանխվել միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ՝ հանուն նրա կենսապահպանման։

Անդրադառնալով Մոսկվայում 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում մարդասիրական զինադադարի մասին ձեռքբերված համաձայնությանը՝ նախարարի տեղակալ Ադոնցը հայտարարեց, որ այն գործնականում չպահպանվեց Ադրբեջանի գործողությունների պատճառով, որը բառացիորեն հինգ րոպե անց խախտեց այն՝ թիրախավորելով Արցախում և Հայաստանում քաղաքացիական բնակչությանը։ Արցախի Պաշտպանության բանակին ոչինչ չէր մնում, քան պատասխան տալ՝ պաշտպանելով իր բնակչությանը վերահաս ոչնչացումից։ Ադրբեջանական կողմից մարդասիրական հրադադարի խախտումները շարունակվում են մինչև հիմա։

Վերադառնալով Արևելյան գործընկերությանը՝ Ավետ Ադոնցը կոչ արեց ԵՄ-ին և իր անդամ երկրներին՝ քննության առնել ԱլԳ-ին Ադրբեջանի մասնակցության դադարեցման հարցը, քանի որ այն անարգում է Արևելյան գործընկերության ողջ փիլիսոփայությունն և արժեզրկում դրա հիմքում ընկած ժողովրդավարական արժեքները։

Նախարարի տեղակալ Ադոնցը շեշտեց, որ Հայաստանը շարունակում է մնալ հանձնառու հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն երկրներին և առաջնորդներին, ովքեր անում են իրենց ուժերի ներածի առավելագույնը՝ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։