կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-13 17:13
Սփյուռք

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանուն Արցախի խաղաղության. Լոս Անջելեսում բազմահազարանոց քայլարշավ է անցկացվել

Լոս Անջելեսում անցկացված «Արցախը հարձակման տակ է. խաղաղության երթ» կարգախոսով քայլերթին մասնակցել է 150 հազարից ավելի ցուցարար։ Երթն ընթացել է բոլոր գլխավոր պողոտաներով՝ հասնելով մինչև Թուրքիայի հյուպատոսարան։

«Երբ հասանք վերջին հանգրվանին, որտեղ անցանք Լոս Անջելեսի սահմանը դեպի Բևերլի Հիլզ քաղաք, այնտեղ արդեն հասկացել էին, որ սա մեծ քայլարշավ է։ Լոս Անջելեսի պատմության մեջ նախադեպը չունեցող քայլարշավ», - պատմել է Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի անդամ Վիգեն Հովսեփյանը։

Բազմահազարանոց ցույցը կազմակերպվել է 6 օրում։ Վիգեն Հովսեփյանի խոսքով՝ ցույցի հիմնական նպատակները երեքն են եղել. «Առաջինը միջազգային հանրությանն էր ուղղված, որպեսզի լսելի դարձնեինք հայության ձայնը, և ասեինք, թե Հայաստանում ու Արցախում ինչ է կատարվում։ Երկրորդ նպատակը մեր բողոքի ձայնը միջազգային ճանապարհով հասցնելն էր քաղաքական շրջանակներին»։

Հարյուրհազարավոր հայեր քայլերթի ժամանակ պահանջել են անմիջապես ճնշում գործադրել Ադրբեջանի և Թուրքիայի վրա, որպեսզի խաղաղություն տիրի, և քայլեր ձեռնարկվեն, որպեսզի անկախ Արցախը ճանաչվի։

«Մյուս նպատակն ուղղված էր սահմանին կռվող մեր տղաներին, մեր քաջ բանակին, և, ինչու՝ ոչ, մեր հայրենի ժողովրդին՝ ասելու, որ այսօր սփյուռքը հայության երկրորդ բանակն է, խրամատների մեջ է իրենց հետ՝ ուս ուսի, և մենք մեզ բաժին ընկած չափով պատրաստ ենք անել ամեն ինչ՝ նվիրահավաքներից մինչև այսպիսի քայլարշավներ, բողոքի երթեր»,- ասաց Վիգեն Հովսեփյանը։

Ըստ նրա՝ քայլարշավի ընթացքում նաև դրամահավաք է իրականացվել և ավելի քան 100 հազար դոլար է հավաքվել: «Պատահականություն չէր, որ մենք այս քայլերթը կոչել էինք հաղթանակի երթ, որովհետև մենք համոզված ենք, որ հաղթանակը մերն է լինելու։ Մենք մեր ներդրումը պետք է բերենք այս համընդհանուր կռվում, այս կռիվն ընդհանուր ազգի կռիվն է, և դրա բաղկացուցիչ մասը ամերկահայությունն է»,- ընդգծեց Վիգեն Հովսեփյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․