|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին:
Վարչապետը նախ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին, որոնք իրականացվում են Թուրքիայի հրահրմամբ և աջակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ փաստացի այսօր Լեռնային Ղարաբաղը մղում է հակաահաբեկչական պայքար, քանի որ ադրբեջանական կողմից պատերազմական գործողություններին Թուրքիայի միջամտությամբ ներգրավված են նաև ահաբեկչական խմբավորումների անդամներ: Կառավարության ղեկավարը, նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների հրադադար հաստատելու կոչի մասին հայտարարությունը, ընդգծել է, որ մեր երկիրը ողջունել է այն:
«Կարևոր է, որ չնայած ստեղծված իրավիճակին՝ հոկտեմբերի 9-ին Երևանում կանայալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Վստահ եմ, որ հաջողությամբ կշարունակենք կառուցողական երկխոսությունը ԵԱՏՄ-ի նպատակների իրականացման և զարգացման ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
ԵՏՀ Կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ստեղծված իրավիճակում ևս Երևանում միջկառավարական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցերի: