կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-06 18:37
Հասարակություն

Հակառակորդի կողմից կոտրվում են Facebook-ի հայկական օգտատերերի էջերը եւ խուճապ առաջացնող գործողություններ են արվում.ԱԱԾ

Հակառակորդի կողմից կոտրվում են Facebook-ի հայկական օգտատերերի էջերը եւ խուճապ առաջացնող գործողություններ են արվում.ԱԱԾ

ՀՀ ազգային  անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հակառակորդի կողմից այս օրերին կոտրվում են www.facebook.com սոցիալական ցանցում հայկական որոշ օգտատերերի անձնական հաշիվներն ու էջերը և դրանց միջոցով իրականացվում են հայ հանրության շրջանում միմյանց նկատմամբ հակասություններ ձևավորելու, հասարակությունը պառակտելու, գաղափարական տարաձայնություններ սերմանելու, ինչպես նաև խուճապ առաջացնելու գործողություններ՝ այդ էջերով տարատեսակ հաղորդագրություններ տարածելու եղանակով:

ԱԱԾ-ի տարածած հայտարարությունում նաեւ ասվում է. «Մասնավորապես, հիշյալ սոցիալական ցանցի «Armenian Style», «Երևան-Հայաստան», «Armenian Realty» և այլ կոտրված էջերում հրապարակվում են ռազմական գործողությունների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ, հանրության շրջանում բացասական հույզեր ձևավորող նյութեր և լուսանկարներ, ինչպես նաև կեղծ հայտարարություն՝ հոկտեմբերի 8-ին նախատեսվող ինչ-որ հավաքի վերաբերյալ:

Բացի այդ նկատվում են նաև հատուկ ծրագրային մեթոդներով գեներացված և հայկական հեռախոսահամարների նմանությամբ համարներից զանգերի միջոցով սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու և այդ տարբերակով հայկական կողմի փաստացի իրավիճակին հնարավորինս տիրապետելու դեպքեր, ինչպես նաև նույն ճանապարհով առաքվում են խուճապ առաջացնող հաղորդագրություններ:

ՀՀ ազգային  անվտանգության ծառայությունը հորդորում է չտրվել հակառակորդի սադրանքներին, չպատասխանել սոցիոլոգիական հարցումների նպատակ ունեցող կեղծ հեռախոսազանգերի, հիմք չընդունել վերոնշյալ տարբերակով ստացված կեղծ տեղեկություններն ու զերծ մնալ  վերջիններիս տարածումից, ցուցաբերել զգոնություն և հետևել միայն պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին: