կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-02 17:15
Արցախ

Սա բանակցություն չէ, այլ շանտաժ. Լևոն Արոնյան

Սա բանակցություն չէ, այլ շանտաժ. Լևոն Արոնյան

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Արցախա-ադրբեջանական սահմանագծին ընթացող ռազմական գործողությունների առնչությամբ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի ընկերներ, ես կարծում եմ, որ պետք է հստակեցնեմ իմ դիրքորոշումը և կիսվեմ իմ զգացմունքներով ձեզ հետ: Տեսեք, մինչև հիմա ես որևէ գրառում չեմ կատարել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում շատ ադրբեջանցի շախմատիստների, երաժիշտների, մարդկանց: Ես վստահ եմ, որ մենք ՝ մարզիկներս, պետք է միավորվենք և միավորենք ազգերին:

Պատճառը, որ ես չկարողացա լռել, այն է, որ իմ երկիրը հարձակման է ենթարկվում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի կողմից: Սա ինձ համար անհավատալի է, քանի որ գրեթե բոլոր քաղաքակիրթ երկրներն ընդունել են 1915-1918 թվականներին Հայոց ցեղասպանության փաստը, որի պատճառով սպանվեց շուրջ մեկուկես միլիոն հայ:

Որպեսզի լիովին պատկերացնեք իրավիճակը, բերեմ հետևյալ օրինակը: Պատկերացրեք իսրայելա-պաղեստինյան պատերազմի ժամանակ 1960-ականներին կամ ավելի ուշ Գերմանիան զորքեր ուղարկեր Իսրայելի դեմ կռվելու, և Գերմանիայի նախագահը բարձրաձայն հայտարարեր, որ հրեա ժողովրդին պետք է դաս տալ: Սյուրռեալիստական չէ՞: Այսպիսով, նվազագույնը, որ ես կարող եմ անել նման իրավիճակում, իրազեկելն է և փորձել աջակցել իմ ժողովրդին ամեն ինչով:

Ես չեմ ցանկանում մանրամասնել, թե ինչպես է սկսվել թշնամանքը մեր երկրների միջեւ: 1980-ականների վերջին Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցան հայ բնակչության ջարդեր, ինչը ստիպեց շուրջ 250 հազար հայերի թողնել ամեն ինչ և հարգված ու հաջողակ մարդկանցից վերածվել փախստականների: Դժբախտաբար, պատերազմի վայրագություններ գրանցվեցին երկու կողմից էլ: Սա ինձ համար այդքան էլ կարևոր չէ: Ես մի բան գիտեմ, երբ Հայաստանի և Ադրբեջանի խելացի մարդիկ հանդիպում են, շատ ավելի շատ հասկացողություն և հարգանք կա, ի տարբերություն նրա, ինչ մենք տեսնում ենք առցանց:

Եվ խնդրում եմ, մի՛ ասեք ինձ, որ խնդիրը չի կարող լուծվել բանակցությունների միջոցով: Եթե գաք հարցեր քննարկելու, այլ ոչ թե պնդեք, որ դիմացինը հանձնվի, ապա մենք կմտածենք, թե ինչ անել: Սա բանակցություն չէ, այլ շանտաժ: Յուրաքանչյուր երկխոսության մեջ փոխադարձ հարգանքը շատ մեծ նշանակություն ունի, որպեսզի երկխոսությունը չվերածվի երկու մենախոսության:

Ես ապշեցուցիչ տխրություն եմ զգում, երբ տեսնում եմ այն երիտասարդ մարդկանց մահերը, որոնք հենց նոր էին մտել կյանք: Ես գիտեմ, որ այս աշխարհից հեռանալիս հպարտություն եմ զգալու, եթե իմ ընկերները, իմ ապագա երեխաները և ես կարողանանք պաշտպանել մեր ազգը: Դա մեր պարտականությունն է, և որպես հին ազգ մենք մեր գոյության համար պարտական ենք հերոսներին, ովքեր եղել են մեզնից առաջ և օգնել մեզ գոյատևել որպես ազգ:

Թող Աստված խաղաղություն և բարեկեցություն բերի բոլորիս»: