կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-30 16:35
Քաղաքական

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է գումարել

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է գումարել

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին գումարել է հերթական նիստ՝ օրակարգում ունենալով երկու օրենսդրական նախաձեռնություն: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների հիշատակը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել  Բալայանն առաջին ընթերցմամբ  քննարկման է ներկայացրել «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունների շարքում ներառել նաեւ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը, ինչն այսօր առավել արդիական է՝ պայմանավորված Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններով եւ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ:

Կառավարությունը նախագծի

ընդունումը համարել է անհետաձգելի. փոխնախարարը հայտնել է, որ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանն արդեն մշակված է եւ համաձայնեցված ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ:

Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Փաթեթով առաջարկվում է  օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում «2020 թվականի սեպտեմբերի 1-ից» եւ «Մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել համապատասխանաբար «2022 թվականի հուլիսի 1-ից» եւ «Մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը» բառերով: Նշվել է, որ նախագծերի ընդունմամբ հնարավոր կլինի Պարեկային ծառայության ամբողջական ներդրման հետ մեկտեղ ապահովել տուգանային միավորների համակարգի ամբողջական գործարկումը, ինչպես նաեւ լուծել օրենքի կիրառման հետ կապված այլ խնդիրներ:

Առաջին ընթերցմամբ քննարկված փաթեթն ստացել է հանձնաժողովի դրական եզակացությունը:

Քննարկված նախագծերը կընդգրկվեն  ՀՀ ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի  նախագծում: