կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-15 19:32
Քաղաքական

ՀՀ ԱԺ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը երկար դադարից հետո նիստ է գումարել

ՀՀ ԱԺ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը երկար դադարից հետո նիստ է գումարել

Հունիսի 15-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Քննարկվել է «Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ» ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային զեկույցը:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի վերաբերյալ վերապահումներ է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ իրենց հանձնաժողովը քրեակատարողական հիմնարկներ կատարած այցերի շրջանակում արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք հատկապես վերաբերում են բուժսպասակման ծայրահեղ ծանր վիճակին, մասնագետ-բժիշկների պակասին, դեղորայքային ապահովմանը:

Տիկին Զոհրաբյանն ընդգծել է, որ կան օրենսդրական կարգավորումներ պահանջող խնդիրներ: Այս համատեքստում նա անդրադարձել է մեթադոն դեղամիջոցի խնդրին եւ նշել, որ թմրանյութերի կախվածությունից ազատվելու համար մարդիկ ստանում են այդ դեղամիջոցը, որի տրամադրման թույլտվությունը որոշում է ՔԿՀ ղեկավարությունը: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ կամայականություններից խուսափելու համար պետք է օրենքով սահմանվի պարտադիր դեղորայքի ցանկ՝ քրեակատարողական հիմնարկների համար: Նա առաջարկել է նաեւ ՔԿՀ վարչության ենթակայությունից հանել բժիշկներին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ ՔԿՀ-ներում իրավիճակի վերլուծությունը զեկույցում ներկայացված է 2016 թվականի դրությամբ, մատնանշված են համակարգային խնդիրները եւ դրանց լուծմանը միտված ուղիները: Ոլորտի խնդիրների քննարկման եւ լուծման հարցում նա կարեւորել է խորհրդարանի, կառավարության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փաստաբանների եւ ԶԼՄ-ների դերը: Պարոն Թաթոյանը տեղեկացրել է, որ իրենց ներկայացրած զեկույցի հիման վրա ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունն առաջարկներ է ներկայացնելու: Նրա խոսքով՝ զեկույցի հիման վրա պաշտպանի գրասենյակը կներկայացնի մի շարք իրավական ակտերի մշակման առաջարկներ:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ազատությունից զրկված անձանց խնամքի կազմակերպմանը, մարզերում, հատկապես սահմանամերձ շրջաններում ՄԻՊ ստորաբաժանումների ուժեղացմանը, ՔԿՀ-ներում բուժսպասարկման իրականացման որակին եւ այլ հարցերի: ԱԺ պատգամավորները ներկայացրել են ոլորտին առնչվող օրենսդրական կարգավորումների վերաբերյալ առաջարկներ:

Հանդիպման ավարտին Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը կշարունակի այցերը քրեակատարողական հիմնարկներ, որից հետո կհանդիպի ԵՄ ներկայացուցիչների հետ՝ խնդիրները քննարկելու նպատակով: