Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆեյսբուքը հիշեցնում է, որ ուղիղ մեկ տարի առաջ «Սանիթեք»-ը վերջնականապես հրաժարվեց սպասարկել քաղաքը. սա աղբի ճգնաժամի վերջին էտապն էր, արդեն մի քանի շաբաթ անց ոտքի կանգնող ԵԱՍՄ-ն ամբողջովին իրավիճակը վերցրեց վերահսկողության տակ ու քաղաքը վերջնականապես ազատվեց աղբային մղձավանջից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այդ նույն օրերին ու դրանից առաջ՝ ամիսներ շարունակ, մեր ընդդիմադիր որոշ գործընկերներ, «Սանիթեք»-ի հետ ձեն-ձենի տված ամեն կերպ փորձում էին կասկածի տակ դնել քաղաքային իշխանության գործողությունները աղբահանության ռեֆորմի հարցում:
Ահռելի մեդիապղպջակներ էին փչվում՝ կասկածի տակ դնելով աղբատար «կամազների» ձեռքբերման օրինականությունը, անհարկի բողոքարկումներ էին հրահրվում՝ շաբաթներով ետ գցելով պրոցեսը:
Ի վերջո, աղբի խնդիրը լուծվեց, «Սանիթեք»-ը՝ իր լեցուն աղբամաններով հանդերձ արդեն հեռավոր անցյալում է, բայց մեր սիրելի գործընկերների վարքագիծը՝ իրենց իսկ սանձազերծած «աղբային պատերազմների» ժամանակ, վառ կմնա մեր սրտերում
Հիմա մոտավորապես նման վիճակի մեջ ենք. քաղաքը ունի տրանսպորտային լուրջ խնդիր, եւ դրա լուծման ճանապարհին լրացուցիչ բարդություններ են ի հայտ գալիս՝ կապված գնման գործընթացի անկանխատեսելիության, կորոնավիրուսային համավարակի հետ եւ այլն:
Եվ դրան գումարած, նույն մեր գործընկերները փորձում են մեդիապղպջակների միջոցով «փչացնել պատկերն» ու ի սկզբանե կասկածի տակ դնել տրանսպորտային ռեֆորմի արդյունավետուիթյունը:
Դրա հետ կապված կարճ ասեմ, որ քաղաքը պատվիրում է ոչ թե որեւէ մակնիշի մեքենա, այլ պատվիրում է պայմաններ, որոնց պետք է համապատասխանեն պոտենցիալ մատակարարաները: Եվ ներկա գնման գործընթացքով քաղաքը պատվիրել է 100 փոքր տարողության ԱՎՏՈԲՈՒՍ, որոնք պետք է ունենան, մասնավորապես
ուղևորասրահում ջեռուցման և օդափոխման հնարավորություն (կոնդիցիոներ)
սրահի այնպիսի բարձրություն, որ ուղեւորները կարողանան ամբողջ հասակով ազատ կանգնել,
վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն
ուղևորների տեղեկացման էլեկտրոնային ցուցատախտակ
կանգառների ավտոմատ հայտարարման սարքեր
ցածր հատակ
հաշմանդամության սայլակի տեղավորման և տեղափոխման հնարավորություն
հաշմանդամություն ունեցող անձանց նստատեղերի և հաշմանդամության սայլակի հարևանությամբ կանգառի ազդանշանման կոճակ, եւ այլն (մրցույթի բոլոր պայմաններին կարելի է ծանոթանալ Yerevan.am կայքում):
Այս մրցույթն արդեն ավարտվել է, մոտ օրերս գնահատող հանձնաժողովը եզրակացություն կտա, որին կհետեւի ավտոբուսների մատակարարման ընթացքը:
Այո, սա աննախադեպ գնում է, որովհետեւ շատ վաղուց համայնքն իր միջոցներով հանրային տրանսպորտի միջոցներ չի գնել: Փոքր ավտոբուսների ձեռքբերումը ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, որ քաղաքը հրաժարվում է մեծ ավտոբուսներից: Հակառակը՝ 12 մետրանոց ավտոբուսների համար առաջիկայում նոր մրցույթ կհայտարարվի:
Տրանսպորտային ռեֆորմը Երեւանի քաղաքային իշխանության ամենամեծ առաջնահերթությունն է, եւ այն վստահաբար կիրագործվի:
Լուսանկարում՝ պայմանական մինի ավտոբուս: Մոտավորապես սրա նման 100 ավտոբուս է պատվիրվել: