կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-28 22:54
Տնտեսական

Էկոնոմիկայի փոխնախարարն ու ԱՄՆ դեսպանը Կոտայքի մարզում ծանոթացել են հատապտղանոցների աշխատանքներին

Էկոնոմիկայի փոխնախարարն ու ԱՄՆ դեսպանը Կոտայքի մարզում ծանոթացել են հատապտղանոցների աշխատանքներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մշտադիտարկման նպատակով այցելել են Կոտայքի մարզի Զորավան համայքնում գործող «Արմբերրի» ընկերություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հյուրերը շրջել են ընկերության ժամանակակից սարքավորումներով հագեցած հատապտղանոցներում, որտեղ ներդրված են կարկտապաշտպան ցանցեր, սառնարաններ, ինչպես նաև ջրավազան, որը հատապտղանոցն ապահովվում է մաքուր ջրով։ Ընկերությունում առկա են օրգանական ազնվամորու և մոշի աճեցման բացառիկ պայմաններ, ինչը թույլ է տալիս ավելի մեծաքանակ և որակյալ բերք ստանալ։ 

Նշվել է, որ հիմնվել է հատապտուղների տնկարան, որը ոչ միայն ապահովում է անհրաժեշտ տնկիներով, այլև կազմակերպությունը պատրաստակամ է իրենից ձեռք բերված տնկիներից աճեցված բերքը հետագայում գնել և շուկայահանել: Ստեղծված ենթակառուցվածքները հնարավորություն են մատակարարման ժամկետներն ընդլայնել, ուստի արտահանման հետ կապված ռիսկերը կատավարելի են, և ընկերությունն այլևս կախված չէ եղանակային պայմաններից։ 

«Արմբերրի» ընկերության գործադիր տնօրեն Հարություն Փախչանյանը փոխնախարարին և դեսպանին ներկայացրել է ներկայում կատարվող աշխատանքները, ֆերմերների հետ աշխատելու իրենց նոր նախաձեռնությունը, որի շրջանակում ֆերմերներն ընկերությունից ձեռք կբերեն տնկիներ, կստանան համապատասխան խորհրդատվություն տվյալ մշակաբույսի հետ աշխատելու համար։ Առաջիկայում ընկերությունը նախատեսել է ընդլայնել գործունեությունը՝ օգտվելով Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված գյուղոլորտի պետական օժանդակության ծրագրերից։ 

Շրջայցի ընթացքում փոխնախարարն ընդգծել է կառավարության կողմից մշակված ծրագրերի կարևորությունն ու արդյունավետությունը։ 

«Էկոնոմիկայի նախարարությունը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում համաֆինանսավորման սկզբունքով կազմակերպությանն արդեն իսկ օժանդակել է 20 մլն դրամով, ինչը նպաստել է հատապտղանոցի հիմնման, հետբերքահավաքային կարողությունների, արտահանման կարողությունների զարգացմանը: Մեր դոնոր գործընկերների կողմից տրամադրված աջակցությունը հիանալի շարունակություն է ստեղծված կարողությունների զարգացման և ընդարձակման համար», - նշել է Արման Խոջոյանը։

Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ դեսպան Լին Թրեյսին նշել է, որ ուրախ են արձանագրել, որ համագործակցելով կառավարության և անպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսին Միջազգային զարգացման գործակալությունն է, կարողանում են աջակցել բիզնեսին հաջողության հասնելու հարցում։ 

«Արմբերրի»ընկերությունն այդ եռակողմ համագործակցության արդյունքում զարգացող բիզնեսի հիանալի օրինակ է»,- նշել է դեսպանը: