կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-19 10:48
Տնտեսական

Ինչ գիտի վիճակագրությունն իրավախախտումների մասին․ հանցագործությունների քանակն աճել է

Ինչ գիտի վիճակագրությունն իրավախախտումների մասին․ հանցագործությունների քանակն աճել է

 

Հասկանալի է, որ համավարակի հիմնական «Մնա տանը՝ փրկիր կյանքեր» կարգախոսը դրական հետևանք չի ունենալու տնտեսության վրա: Բայց կարելի էր ենթադրել, որ միանշանակ դրական հետևանքներ է ունենալու հասարակական կյանքի որոշ ոլորտներում: Օրինակ, որ հասարակությունը պիտի դառնա օրինապահ: Գոնե իրավախախտումների վիճակագրության տեսանկյունից:

Հանցատեսակների շատ ոլորտներ պիտի, որ նվազում արձանագրեին: Բայց պաշտոնական վիճակագրությունը հակառակն է պնդում: 2020թ․ առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների քանակն աճել է նախորդ տարվա համեմատ՝ 13 003-ը 2019-ի 12 250-ի համեմատ: Ընդ որում աճել են հաշվառվող բոլոր տեսակներով՝ ոչ մեծ ծանրության, միջին ծանրության ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները: Արտակարգ դրության հիմնական կարգախոսին հակառակ աճել են ոչ միայն հրազենի ու ռազմամթերքի կիրառմամբ հանցագործություները (54 դեպք՝ նախորդ տարվա 37-ի համեմատ), այլև ամենաերկար անվանումն ունեցող հանցագործությունների քանակը: Խոսքը «Հասարակական անվտանգության, հասարական կյանքի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների» մասին է: Այս տարվա հուվար-հունիսի իրավախտում-դեպքերի քանակը 2 124 է, նախորդ տարվա 1 863-ի նկատմամբ: Մինչդեռ կիսամյակի 3.5 ամիսն անցավ արտակարգ դրության պայմաններում՝ երբ տնից դուրս գալիս անձ հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է, իսկ պարեկային հսկողությունն ուժեղացված է: Բայց դրան հակառակ աճել է «խուլիգանություն» կոչվող հանցատեսակի քանակը՝ 168 դեպք նախորդ տարվա 129-ի դիմաց: Անգամ աճել է զենքի գործադրմամբ կատարված այս հանցատեսակի գրանցված քանակը (49-ը 36-ի դիմաց): Նույնիսկ խարդախության գրանցված դեպքերն են աճել․ 711՝ 594-ի դիմաց: Դժվար կլիներ հասկանալ, թե ինչ հետևանք ունեցան տանը մնալու կոչերը «Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը» հանցատեսակի վրա, եթե իրավախախտումների վիճակագրությունը կոշտ ու կոպիտ չարձանագրեր փաստերը: Այս հանցատեսակի գծով անցած տարի 99 դեպք էր գրանցվել, իսկ այս տարի՝ 166: Անհավանական կարելի է գնահատել այն փաստը, որ տանը մնալու կոչերի, փողոցային հսկողության ուժեղացման կամ կարճ ասած՝ արտակարգ դրության պարագային անգամ գողությունների թիվն է աճել: 2019-ի առաջին կիսամյակում գողությունների 4 779 դեպք գրանցվել այս տարվա 1 972-ի դիմաց: Բայց հարկավոր է արձանագրել՝ վերջապես մոտեցանք մի հանցատեսակի, որն անկում է արձանագրել: Խոսքը բնակարանային գողությունների մասին է: Անցած հունվար-հունիսին բնակարանային գողությունների 710 դեպք էր գրանցվել: Հավանաբար այն պատճառով, որ տանը մնալու կոչերի ոչ մի իրավական հիմք չկար: Իսկ այս տարի կա: Ու 58 դեպքով նվազել է բնակարանային գողությունների քանակը: Շատ է դա, թե քիչ, հավանաբար քրեագետներն ու սոցիոլոգները գիտեն: Բայց իրավախախտումների նվազման մեկ տրամաբանական դեպք էլ կա արձանագրված: Դա հետևանքն է այն բանի, որ գարնան վերջում մոտ մեկ-մեկուկես ամիս մայրաքաղաքում երթևեկելը հաճելի զբաղմունք էր: Խցանումներ ու վթարներ համարյա չկային: «Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը» իրավախախտման այս տարվա քանակը 559 դեպք է նախորդի 685-ի դիմաց:

Բայց տվյալների հաջորդ խումբն այս տրամաբանությանը չի ենթարկվում: 2020-ին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 664 դեպք 2019-ի 632-ի դիմաց: Դեպքերի քանակն աճել է, բայց փոխարենը նվազել է նաև քրեական պատասխանատվության ենթարկված անձանց քանակը՝ 329 անձ (նրանցից 53 պաշտոնատար) նախորդ տարվա 415 անձի (նրանցից 71 պաշտոնատար) դիմաց: Ահա հակասությունը՝ մի կողմից աճել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակը, մյուս կողմից նվազել է պատասխանատվության ենթարկված անձանց ու հատկապես պաշտոնատարների քանակը:

Արա Գալոյան

Աղբյուրը՝ politeconomy.org