կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-14 17:13
Քաղաքական

Հուլիսի 14-ից, տարբեր չվերթներով, 400-ից ավելի մարդ է Լիբանանից եկել Հայաստան

Հուլիսի 14-ից, տարբեր չվերթներով, 400-ից ավելի մարդ է Լիբանանից եկել Հայաստան

Լիբանանից «Middle East Airlines»-ի հուլիսի 14-ի, 21-ի, 28-ի, ինչպես նաև օգոստոսի 4-ի և 11-ի չվերթով Հայաստան է եկել 370 մարդ: Ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: 

«Նրանք մարդիկ են, ովքեր գալիս են Հայաստան բնակվելու և հաստատվելու համար: Ասեմ, որ այն երեք ինքնաթիռները, որոնք մարդասիրական օգնություն տարան Լիբանան, ընդհանուր առմամբ, 101 մարդ են բերել Հայաստան: Եկել են նրանք, որոնք այս պահին չէին կարող մնալ Լիբանանում, ցանկանում էին գալ Հայրենիք, մենք էլ ընդառաջեցինք: Ինչպես տեսնում եք նույնիսկ կորոնավիրուսի սահմանափակումների ընթացքում այս գործընթացը տեղի է ունենում»,-ասաց  Զարեհ Սինանյանը: 

Ներկայացնելով Լիբանան կատարած այցի ընթացքում տեղի հայերի հետ հանդիպման մանրամասները՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ երկու տարբեր ուղերձներ է ստացել: Մասնավորապես, հոգևոր առաջնորդների հետ հանդիպմանն այն ուղերձն էր փոխանցվում, որ լիբանանահայությունն ամուր է, կարչած է հողին, որ համայնքը վերականգվելու է: Տարբեր կազմակերպությունների անհատների հետ հանդիպման ընթացքում այլ պատգամ եղավ: 

«Բացահայտ էր մարդկանց խուճապային տրամադրությունը: Ցանկություն կար լքել Լիբանանը, մեծ մասը ցանկանում էին գալ Հայաստան: Ասեմ, որ խնդիրը շատ բարդ է: Ունենալով նույնիսկ այդ ցանկությունը՝ ֆիզիկապես չեն կարող գալ, որովհետև բանկային սահմանափումներով պայմանավորված չեն կարողանում գումար հանել, վաճառել տները, բիզնեսները: Այդ գումարները նախատեսում էին որպես հիմք իրենց հաջորդ հանգրվանը կերտելու համար: Չեմ կարծում, որ այդ հոսքը կլինի մեկ շաբաթվա, մեկ ամսվա նույնիսկ մեկ տարվա ընթացքում: Ամեն դեպքում տեսնում եք, որ որոշ առումով տեղաշարժեր կան»,-ասաց Զարեհ Սինանյանը: 

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ընդգծեց, որ հայրեդարձությունը Հայաստանի համար ռազմավարական ուղղություններից մեկն է: Այն պատրաստություները, որոնք այսօր երկիրը տեսնում է, նախատեսված են բոլոր հայրենադարձների համար: