կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-12 19:51
Արցախ

Արտակ Բեգլարյանը մի շարք հարցեր է քննարկել ԼՂՀ փախստականների միության ներկայացուցիչների հետ

Արտակ Բեգլարյանը մի շարք հարցեր է քննարկել ԼՂՀ փախստականների միության ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը օգոստոսի 11-ին ընդունել է «ԼՂՀ փախստականների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Սարասար Սարյանին և Ռուզաննա Ավագյանին: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Հյուրերը Պաշտպանին են ներկայացրել իրենց կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն ու արդյունքները, ինչպես նաև Արցախում բնակվող փախստականների որոշ հիմնախնդիրներ:

Արտակ Բեգլարյանը կարևորել է հասարակական կազմակերպության դերը և՛ Հանրապետության ներսում, և՛ միջազգային հարթակներում փախստականների իրավունքների պաշտպանության և հիմնախնդիրների բարձրաձայնման հարցում: Պաշտպանը նրանց է ներկայացրել իր աշխատակազմի կատարած աշխատանքները փախստականների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաև իր մոտեցումներն առկա հիմնախնդիրների համակարգային լուծման համատեքստում: Մարդու իրավունքների պաշտպանը, բացի ներքին հիմնախնդիրներին անդրադառնալուց, նաև ընդգծել է Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով փախստական ու ներքին տեղահանված անձանց հանդեպ միջազգային ուշադրության անհրաժեշտությունը՝ անընդունելի համարելով միջազգային հանրության ցուցաբերած անտարբերությունն ու անպատասխանատվությունը:

Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել իրենց համագործակցությունը քննարկված մի շարք հարցերի շուրջ: