Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազության, Երևանի պետական համալսարանի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի միջև ծավալված համագործակցության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արմեն Հարությունյանը տեսակապի միջոցով հեռավար հանդիպում է անցկացրել նշված բուհերի «Իրավագիտություն» մասնագիտության 50-ից ավելի շրջանավարտների հետ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Հանդիպման հիմնական նպատակն էր ՀՀ դատախազության կադրային ռեզերվի ստեղծման խնդրի շրջանակներում նշված բուհերի՝ իրավաբանական մասնագիտությամբ շրջանավարտներին ծանոթացնել դատախազության համակարգ մուտք գործելու առկա հնարավորություններին, դատախազի, ինչպես նաև դատախազությունում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու օրենսդրական ընթացակարգերին ու պայմաններին, ինչպես նաև սահմանափակումներին:
Արմեն Հարությունյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը որդեգրել է համակարգի համալրման գործընթացն առավել բաց, թափանցիկ և ներառական դարձնելու մոտեցում և տեղեկացրել է, որ հուլիսի 29-ին հայտարարություն է տարածել դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող արտահերթ բաց մրցույթ անցկացնելու մասին, որին մասնակցելու հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման գործընթացը շարունակվում է, կտևի մինչև 2020թ. օգոստոսի 28-ը ներառյալ, և հայտարարությամբ ներկայացվող պահանջներին բավարարող անձինք, այդ թվում նաև բուհերի շրջանավարտները, կարող են օգտվել ստեղծված հնարավորությունից:
Շահագրգիռ և տևական քննարկման ընթացքում հեռավար հանդիպմանը մասնակցող շրջանավարտներն ու ուսանողները հետաքրքրվել են դատախազի պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացիության, մասնագիտական ստաժի, կրթության հետ կապված պայմանների, մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ նյութերին, հարցաշարերին ծանոթանալու, քրեականից բացի իրավունքի այլ ճյուղերի մասնագիտացում ունենալու դեպքում այդ մրցույթներին մասնակցելու հնարավորությունների մասին:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը պարզաբանել է, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում կատարված նոր փոփոխությունների արդյունքում դատախազ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության 22-ից մինչև 65 տարեկան այն քաղաքացիները, որոնք ՀՀ-ում ստացել են բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչված աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, տիրապետում են հայերենին և որոնց վրա չեն տարածվում նշված օրենքով սահմանված սահմանափակումները:
Տեղեկացվել է նաև, որ առանձին բացառություններով, դատախազի պաշտոնն զբաղեցնելու համար պարտադիր է բաց մրցույթում դրական եզրակացություն ստանալուց և դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուց հետո Արդարադատության ակադեմիայում համապատասխան ուսումնառությունը դրական արդյունքով ավարտած լինելու հանգամանքը: Ինչ վերաբերում է մասնագիտական ստաժին, ապա Արմեն Հարությունյանը նշել է, որ նոր իրավակարգավորումներով բաց մրցույթին մասնակցելու համար իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձ ունենալու պահանջ այլևս նախատեսված չէ:
Հանդիպման ընթացքում Արմեն Հարությունյանը պատասխանել է նաև դատախազության համակարգին, վերջինիս գործառույթներին վերաբերող ուսանողների և շրջանավարտների այլ հարցերի: