կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-31 23:37
Հասարակություն

ՔԿԾ հատուկ նշանակության բաժնի ծառայողներն առաջին անգամ ֆիզպատրաստության քննություններ են հանձնել

ՔԿԾ հատուկ նշանակության բաժնի ծառայողներն առաջին անգամ ֆիզպատրաստության քննություններ են հանձնել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի հրամանով կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի ծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստվածության պատշաճ մակարդակը ստուգելու և այն բարելավելու նկատառումներով պայմանավորված այսուհետ յուրաքանչյուր տարի առնվազն երկու անգամ անցկացվելու են քննություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

«Այսօր՝ հուլիսի 31-ին, Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի գլխավորությամբ, պետի տեղակալ, քննական հանձնաժողովի նախագահ, արդարադատության գնդապետ Գագիկ Մարկոսյանի, մյուս տեղակալ, արդարադատության գնդապետ Վարդգես Ծաղիկյանի, ինչպես նաև հանձնաժողովի անդամների ներկայությամբ «Ալաշկերտ» մարզադաշտում առաջին անգամ անցկացվեցին հատուկ նշանակության բաժնի ծառայողների քննություններ:

Հարկ է նշել, որ Քրեակատարողական ծառայության համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում կարևորելով արդի մարտահրավերներին և պահանջներին համահունչ գործելու հրամայականը՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողների թվաքանակն ավելացվել է գրեթե երկուսուկես անգամ, ընդ որում,  բոլոր համալրումները կատարվել են սպորտի և մարտաձևերի ասպարեզում որոշակի հաջողություններ գրանցած ու փորձառություն ունեցող անձանցով: Քրեակատարողական ծառայության կողմից մշակվել և հաստատվել են նաև ծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստվածության պարապմունքների և քննությունների անցկացման բոլորովին նոր կարգ և նորմատիվային պահանջներ՝ ապահովելու նրանց առջև դրված խնդիրների և գործառույթների արդյունավետ իրականացումը:

Ծառայողներն առաջադրված վարժանքներում՝ ձգում պտտաձողի վրա, հատակից հրում, ծանրաձողի հրում, զուգափայտերի վրա հրում, յուրաքանչյուր ձեռքով 16 կգ ծանրաքարի հրում, վազք 100 մետր /վայրկյանում/ և 1000 մետր/րոպեում/, ձեռնամարտ, ատրճանակի և ինքնաձիգի քանդում-հավաքում, աչքի ընկան իրենց արհեստավարժությամբ և պատրաստվածության բավարար մակարդակով՝ շնորհիվ հատուկ նշանակության բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ, Հայաստանի ԻԹՖ թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 8-րդ դան Կարեն Աղաջանյանի հետևողական և խստապահանջ աշխատանքների:

Հավելենք նաև, որ հատուկ նշանակության բաժինը  մոտ ժամանակներս համալրվելու է նորագույն անհատական պաշտպանության և հատուկ միջոցներով ծառայողների աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը, արտահայտելով իր գոհունակությունը մասնակիցների ֆիզիկական պատրաստվածության վերաբերյալ, հույս հայտնեց, որ հետայսու յուրաքանչյուր ծառայող ավելի անձնվիրաբար կկատարի իր ծառայողական պարտականությունները՝ ըմբռնելով, որ հատուկ նշանակության բաժինը մշտապես պետք է պահպանի էլիտար ստորաբաժանման համբավը, որում պետք է ընդգրկված լինեն բացառապես արժանի և իրենց գործին նվիրյալ ծառայողներ՝ գիտակցելով, որ իրենց առջև դրված են համակարգի առանցքային գործառույթները՝ արագ արձագանքումը քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակներ առաջանալիս, աջակցումը հիմնարկների պահպանությանը և ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների ու կալանավորված անձանց փոխադրումների իրականացմանը, իսկ այս գործառույթները պահանջում են մշտապես լինել ֆիզիկական և հոգեբանական բարձր աստիճանի պատրաստականության վիճակում»,- նշված է հաղորդագրության մեջ: