կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-31 15:58
Քաղաքական

ՀՀ և Արցախի ԱԳՆ ղեկավարները հանդիպել են Երևանում

ՀՀ և Արցախի ԱԳՆ ղեկավարները հանդիպել են Երևանում

ԱՀ ԱԳՆ տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Հանդիպմանն անդրադարձ են կատարվել ս.թ. հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանի կողմից սահմանամերձ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ ուղղակի զինված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։ Կողմերն ընդգծել են, որ հակամարտության գոտում լարվածությունը միտումնավոր կերպով սրելու Ադրբեջանի հերթական փորձը լուրջ հարված է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և մեկ անգամ ևս ի ցույց է դնում ադրբեջանական իշխանությունների կողմից իր միջազգային պարտավորությունների նկատմամբ բացահայտ քամահրական վերաբերմունքը։ Այս համատեքստում կարևորվել է գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ զսպելու նոր ագրեսիա սանձազերծելու Ադրբեջանի նկրտումներն ու այդ երկրի իշխանություններին բերելու կառուցողական դաշտ։ ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են հակամարտության գոտում լարվածության ռիսկերի նվազեցման և հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման հրամայականը։

Մասիս Մայիլյանը և Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել են հայկական երկու պետությունների միջև անվտանգության ոլորտում համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդելու արդիականությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նշված ոլորտում համագործակցության իրավական հիմքերի զարգացման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով ընդհանուր անվտանգային մարտահրավերները։ Այս առնչությամբ կողմերն ընդգծել են տարածաշրջանում ապակայունացնող քաղաքականություն ներմուծելու անընդունելիությունը և դրա վճռական մերժումը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության նորանշանակ ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։