կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-23 14:47
Քաղաքական

Մասիս Մայիլյանը շնորհավորել է Արցախի ԱԳՆ-ի հիմնադրման 27-ամյակի առիթով

Մասիս Մայիլյանը շնորհավորել է Արցախի ԱԳՆ-ի հիմնադրման 27-ամյակի առիթով

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է հղել երկրի արտաքին գերատեսչության հիմնադրման 27-ամյակի առիթով։

«Հուլիսի 23-ին լրանում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 27-ամյակը։ Եվ չնայած այն հոբելյանական չէ, ձևավորված ավանդույթի համաձայն՝ ցանկանում եմ անկեղծորեն շնորհավորել ԱԳՆ կենտրոնական ապարատի և Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների մեր գործընկերներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր տարբեր տարիների աշխատելով Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ իրենց ավանդն ունեցան նրա կայացման, մեր պետության և քաղաքացիների շահերի պաշտպանության գործում։ 

Արցախի ԱԳՆ-ն ստեղծվեց մեր ժողովրդի համար բախտորոշ ժամանակահատվածում՝ երիտասարդ անկախ պետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի ամենաթեժ ժամանակահատվածում, և անմիջապես ստանձնեց երկրի կենսական շահերը պաշտպանելու դժվարին առաքելությունը, այդ թվում՝ բանակցություններ վարելով պաշտոնական Բաքվի հետ՝ ռազմական գործողություններին վերջ դնելու և մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Պետք է ասել, որ Արցախի պաշտպանության բանակի հաղթանակների և մեր դիվանագիտականջանքերի շնորհիվ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու առաքելությունը հաջողությամբ իրականացվեց. 1994 թվականի մայիսին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Ադրբեջանը, Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ստորագրեցին հրադադարի անժամկետ համաձայնագիր: Դժբախտաբար, Ադրբեջանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապակառուցողական դիրքորոշման և բացահայտ թշնամանքի պատճառով անցած տարիներին չհաջողվեց հրադադարը վերածել կայուն և տևական խաղաղության:

Այսօր՝ Բաքվի իշխանությունների հետ շարունակական դիմակայության պայմաններում, որոնք Թուրքիայի հետ տանդեմ կազմած՝ անթաքույց հայատյաց քաղաքականություն են վարում, Արցախի Հանրապետության ԱԳՆ առջև ծառացած են ոչ պակաս կարևոր և պատասխանատու խնդիրներ: Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի 2020-2025 թվականների ծրագրի համաձայն՝ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից են մեր պետության միջազգային ճանաչումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, հանրապետության միջազգային կապերի զարգացումը և խորացումը, նրան մեկուսացնելու ցանկացած փորձի չեզոքացումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա ամրապնդումը, որոնց ամբողջությունը բարենպաստ պայմաններ կստեղծեն Արցախի առաջանցիկ քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման համար: Խնդիրները, կրկնում եմ, պատասխանատու են, սակայն կցանկանայի վստահորեն ասել, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, որպես կայացած պետական ինստիտուտ, Հայաստանի և Սփյուռքի հետ սերտ համագործակցությամբ կօգտագործի իր ողջ ներուժը՝ այդ խնդիրները հաջողությամբ լուծելու, ներկայիս լուրջ մարտահրավերներին դիմակայելու և միջազգային ասպարեզում մեր պետությունն ըստ արժանվույն ներկայացնելու համար:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության աշխատակիցներին այս նշանակալի օրվա կապակցությամբ, բոլորին մաղթում խաղաղություն, բարեկեցություն և նոր հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ»: