կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-16 14:38
Հասարակություն

«Ադրբեջանում հասարակ մարդիկ պատրաստ չեն դառնալ թնդանոթի մսացու». պատգամավորները դատապարտեցին Ադրբեջանի սադրիչ գործողությունները

«Ադրբեջանում հասարակ մարդիկ պատրաստ չեն դառնալ թնդանոթի մսացու». պատգամավորները դատապարտեցին Ադրբեջանի սադրիչ գործողությունները

Խորհրդարանականներն այսօր արտահերթ նիստում դատապարտեցին լուսադեմին Ադրբեջանի կողմից ՀՀ-Ադրբեջան սահմանի Տավուշի մարզի հատվածում կրկին վերսկսված ռազմական սադրանքները։

Իշխանական պատգամավոր Միքայել Զոլյանը նկատեց, որ բռնապետությունները նման իրավիճակներում վտանգավոր են դառնում՝ կորցնելով իրականության հետ կապն ու հանդուգն քայլերի դիմում:

«Պետք է լինենք միասնական և համախմբված», - կոչ արեց պատգամավորը՝ հավելելով. «Բռնապետը դժգոհում է իր ժողովրդից և ասում է՝ ինչո՞ւ եք պատերազմ պահանջում և կամավոր չեք գալիս։ Բնական է, որ Ադրբեջանում հասարակ մարդիկ պատրաստ չեն դառնալ թնդանոթի մսացու՝ բռնապետական վարչակարգի կյանքը երկարաձգելու համար»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ ընդգծեց, որ Ադրբեջանի գործողությունները մի բան են փաստում՝ Ադրբեջանը պատրաստ չէ և երբեք պատրաստ չի լինի կառուցողական երկխոսության. «Պետք է մեզ համար հստակ ֆիքսենք, որ Ադրբեջանը երբեք ոչ մի կառուցողական որոշման չի գնա», - շեշտեց պատգամավորը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ իր ելույթում հաջողություն մաղթեց ՀՀ Զինված ուժերին. «Մեր սահմաններում հիմա կռիվ է ընթանում, փառք մեր բանակին»։

Խորհրդարանական ամբիոնից հակառակորդի սադրանքները եզդի համայնքի անունից դատապարտեց նաև եզդի համայնքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը. «Եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները։ Բազմաթիվ հայաստանաբնակ եզդիներ պատրաստ են անհրաժետության դեպքում մեկնել սահման և պաշտպանել մեր ընդհանուր սահմանը»։

Սահմանին տիրող իրավիճակին անդրադարձավ նաև իշխող ուժի պատգամավոր Տիգրան Կարապետյանը՝ ներկայացնելով հայկական կողմի գրանցած հաջողությունները. «Առաջին անգամ հարվածային անօդաչու ունեցանք՝ մարտական կիրառումով», - ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ, իր կարծիքով, որոշ զինատեսակների գծով ՀՀ-ն կարող է սկսել սերիական արտադրություն։

Հիշեցնենք, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին մարտերը վերսկսվել էին։ Հայկական կողմից զոհեր չկան։

Ադրբեջանը ռազմական սադրիչ գործողությունների է դիմել հուլիսի 12-ից՝ կրակ բացելով Տավուշի շրջանի խաղաղ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

Ավելի վաղ մի շարք խորհրդարանականներ հայտնել էին, որ նամակներով դիմել են եվրոպական կառույցների գործընկերներին՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի ռազմաքաղաքական սադրանքները։