Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Այսօր հերթական անգամ ականատես եղանք քաղաքական նպատակներով ՀՀ Ոստիկանության բացահայտ օգտագործման փաստին։ Անթույլատրելիորեն ցուցադրական բռնի ուժ կիրառվեց իրենց բողոքի ձայնը բարձրացնողների նկատմամբ։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:
«Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էին ու անթույլատրելի: Խստորեն դատապարտելի է հատկապես կին պատգամավորների նկատմամբ ոստիկականական ուժի կիրառումը, անհարգալից վերաբերմունքը։ Սա նաև անարգանք է ԱԺ պատգամավորի ինստիտուտի հանդեպ։
Չի կարելի իրավապահ համակարգը դարձնել քաղաքական հաշվեհարդարների գործիք, նոր անջրպետներ անցկացնել հասարակության և ոստիկանության միջև։ Այստեղ կարևոր է նաև հենց ոստիկանության դերակատարումը. անկախ ամեն ինչից, ոստիկանությունը պետությանն է և պետք է գործի բացառապես օրենքի և բանականության սահմաններում։
Մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող պայմանավորված լինել քաղաքական նպատակահարմարությամբ ու հայացքների համընկնմամբ։ Եվ եթե վերջին տարիների ընթացքում մարդու իրավունքների կոպիտ խախտումները չուղեկցվեին հանրային և քաղաքական գործիչների լռությամբ, գործընթացներն այսպիսի անցանկալի ուղղությամբ չէին ընթանա։
Կարևոր է նաև դիվանագիտական և միջազգային կառույցների արձագանքը, որոնք աջակցում են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը։ Նրանք այսօր պետք է ոչ միայն լուռ հետևեն ընթացող գործընթացներին, այլև փորձեն պատշաճ գնահատականներ տալ կատարվածին»։